Բացվեց Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանի 2008-2009 ուսումնական տարին

 

Սեպտեմբերի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ տեղի ունեցավ Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանի 2008-2009 թթ. ուսումնական տարվա բացման արարողությունը:

Հանդիսությանը ներկա էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները, ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը, ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ կառավարարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչության պետ Վարդան Ասծատրյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ ու զինվորականներ:

Հանդիսությանը բացման խոսք ասաց Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանի փոխտեսուչ Տ. Դավիթ աբեղա Քարամյանը: Այնուհետեւ Ճեմարանի ուսումնական տարվա բացման առիթով ամենքին շնորհավորեց ՀՀ Պաշտպանության նախարարը: Մեծապես կարեւորելով Եկեղեցու եւ բանակի համագործակցությունը` տիար Սեյրան Օհանյանը տեղեկացրեց, որ այսուհետ այդ համագործակցությունը նոր որակ կստանա` նշելով, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ եւ հայոց բանակի հոգեւոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ համատեղ մշակել են մի ծրագիր, համաձայն որի` ոչ միայն հոգեւորականները բանակում կիրականացնեն հոգեւոր կրթադաստիարակչական առաքելություն, այլեւ բարձրաստիճան զինվորականներ դասընթացներ կանցկացնեն հոգեւոր կրթօջախներում:

Այնուհետեւ ելույթ ունեցավ Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանի տեսուչ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Իր հորդորն ուղղելով ճեմարանականներին` Սահակ Սրբազանն ասաց. «Ձեր ընտրած ուղին նախ եւ առաջ երկնային կոչում է` դառնալ Աստծո քահանաներ եւ երկնքի շնորհները բաժանել մարդկանց: Հետեւաբար պետք է շատ լավ իմանաք, թե ո°վ է Աստված եւ ո°վ է մարդը` իր հոգու եւ մտքի խնդիրներով ու պահանջներով: Ձեզ պատրաստում ենք« որպեսզի Ավետարանի բարի լուրը տարածեք հոգեւոր մխիթարանքի կարիք ունեցող մեր ժողովուրդի զավակների մեջ: Ձեզ է սպասում գլուխը խառնուած երիտասարդը« հիվանդանոցի մեջ տառապողը« աղքատը եւ հարուստը: Մանուկները սպասում են ձեզ, որպեսզի սովորեցնեք նրանց «Հայր մերը» եւ ցույց տաք Եկեղեցու ճանապարհը: Մենք` եկեղեցականներս, սպասում ենք ձեզ« որպեսզի լրացնեք մեր պակաս շարքերը, եւ զորանանք ձեր երիտասարդությամբ ու թարմ ուժերով»:

Հանդիսության ընթացքում ելույթ ունեցավ նաեւ ՀՀ Կրթության եւ գիտության նախարարը: Պատահական չհամարելով իր եւ Պաշտպանության նախարարի ներկայությունը Ճեմարանի բացման հանդիսությանը` տիար Սպարտակ Սեյրանյանը նշեց, որ մարտի դաշտում զինվորի համար լրացուցիչ ուժ են հավատն ու գիտելիքը: Նա նաեւ ընդգծեց, որ հավատով ու գիտելիքով զորեղացած` մեր ժողովուրդը կարող է դիմագրավել բոլոր մարտահրավերները:

Հանդիսությունը փակվեց Ամենայն Հայոց Հայրապետի օրհնության խոսքով: Պատգամի իբրեւ նյութ ընտրելով Ավետարանի սերմնացանի առակը` Նորին Սրբությունն անդրադարձավ հոգեւորականի կոչմանն ու առաքելությանը ժողովրդի կյանքում` լինելու սերմնացաններ հայոց անդաստանում: «Առաջին պատգամը, որ այսօր հնչում է մեր սաների համար, սերմնացանի առակն է: Դաշտն իրենց` հայորդյաց հոգին է, որ պիտի հերկեն եւ պիտի մշակեն: Եվ այնտեղ պիտի ցանեն բարի հունդեր, որպեսզի արդյունքը լինի բեղուն եւ արգասաբեր», - նշեց Վեհափառ Հայրապետը: Նորին Սրբությունը նաեւ իր գնահատանքի խոսքն ուղղեց դասախոսական կազմին` ընդգծելով, որ նրանք իրենց բազմաթիվ տարիների փորձն ու գիտելիքների ամբողջ ներուժը ներդնում են ապագա հոգեւորականների կերտման գործում եւ որ նրանց շնորհիվ է, որ ճեմարանի սաները քաջատեղյակ են դառնում Եկեղեցու հայրերի ժառանությանը, ինչը մեծ կարեւորություն ունի ապագա հոգեւորականի կերտման գործում:

Հանդիսության ընթացքում հոգեւոր ու ժողովրդական երգերի կատարումներով եւ ասմունքով հանդես եկան Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանի սաները: