«Բարի գալուստ Հայաստան» կին դիվանագետների եւ դիվանագետների կանանց ասոցիացիայի անդամների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Նոյեմբերի 24-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Բարի գալուստ Հայաստան» կին դիվանագետների եւ դիվանագետների կանանց ասոցիացիայի անդամներին` գլխավորությամբ ասոցիացիայի նախագահ տիկ. Նատալիա Նալբանդյանի:
Ողջունելով հյուրերին` Նորին Սրբությունը գնահատանքով անդրադարձավ այն կարեւոր ծառայությանը, որ ասոցիացիայի անդամներն իրականացնում են ժողովուրդների միջեւ հարաբերությունների սերտացման, բարեկամական կապերի ամրապնդման գործում, բարեգործական տարբեր ձեռնարկներում:
Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը դիվանագետների կանանց ներկայացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի խորհուրդը հայ ժողովրդի կյանքում, տեղեկացրեց Մայր Աթոռի կողմից իրականացվող գործունեության մասին, անդրադարձավ խոնարհված եկեղեցիների վերականգմանը եւ նոր եկեղեցիների կառուցմանը, ժողովրդի քրիստոնեական դաստիարակության ծրագրերին, նոր հոգեւորականների պատրաստությանը, ինչպես նաեւ Հայ Եկեղեցու հովանու ներքո գործող տարբեր սոցիալական ծառայություններին:
Ներկաներին հնարավորություն ընձեռվեց հարցեր ուղղել Նորին Սրբությանը, որոնք վերաբերում էին հիմնականում Հայ Եկեղեցու միջեկեղեցական եւ միջկրոնական հարաբերություններին, տարբեր երկրներում գտնվող հայ համայնքներին:
Հանդիպման վերջում տիկին Նալբանդյանը ասոցիացիայի անդամների անունից Նորին Սրբությանը երախտագիտություն հայտնեց ջերմ ընդունելության համար: Ապա խումբն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններ, ծանոթացավ Հայ Եկեղեցու նվիրական սրբություններին եւ հոգեւոր արժեքներին:
Մայր Տաճար այցելությունից հետո ասոցիացիայի անդամներն այցելեցին Էջմիածնի հայորդյաց տուն, որտեղ նրանց ողջունեց Մայր Աթոռի եւ ՀԲԸՄ հովանու ներքո գործող հայորդյաց տների հոգեւոր տեսուչ Տ. Կոմիտաս վարդապետ Հովնանյանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ խմբի անդամները ծանոթացան Հայորդյաց տան սաների աշխատանքներին, ապա ներկա գտնվեցին երեխաների ներկայացրած համերգին: Վերջում սաներն իրենց աշխատանքներից ընծայեցին դիվանագետների կանանց: