ԲՈՒԴՅՈՆՈՎՍԿ ՔԱՂԱՔԻ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԵԿԵՂԵՑԻՆ

ՕԾՎԵՑ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
ԲՈՒԴՅՈՆՈՎՍԿ ՔԱՂԱՔԻ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԵԿԵՂԵՑԻՆ

Սույն թվականի հունիսի 30-ին, ձեռամբ Հարավային Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Մովսես եպիսկոպոս Մովսիսյանի եւ մասնակցությամբ թեմի հոգեւոր դասի, օծվեց Բուդյոնովսկ քաղաքի Սուրբ Հարություն եկեղեցին:

Բուդյոնովսկ քաղաքը 1799թվականին հիմնադրվել է հայերի կողմից եւ անվանվել Սուրբ Խաչ, սակայն խորհրդային տարիներին քաղաքը վերանվանվել է Բուդյոնովսկ: Ժամանակին քաղաքում գործել է երեք հայկական եկեղեցի, որոնցից երկուսը խորհրդային տարիներին փլվել է, իսկ մեկը` Սուրբ Խաչ մատուռը, պահպանվել է մինչեւ մեր օրերը: Հինգ տարի առաջ թեմի առաջնորդ Մովսես սրբազանի օրհնությամբ հիմքը դրվեց եկեղեցու եւ տեղի հոգեւոր հովիվ Տ. Արսեն քահանա Բուդաղյանի ղեկավարությամբ եւ տեղի հայ համայնքի ազնիվ հայորդիների նյութական աջակցությամբ ավարտին հասցվեց եկեղեցու շինարարությունը:

Այդ օրը մարդաշատ էր եկեղեցու բակը, ավելի քան 12 հազար հայ բնակչություն ունեցող քաղաքի հավատացյալների հոծ բազմությունն ուրախության եւ ցնծության մեջ էր: Բուդյոնովսկ էին ժամանել ուխտավորներ նաեւ տարածաշրջանի քաղաքներից, հայկական հասարակական կազմակերպություններից եւ եկեղեցական համայնքներից:

Հավարտ Սուրբ Հարություն եկեղեցու օծման առաջնորդ Հայրը իր պատգամը հղեց հավատավոր հայ զավակներին: Նա կարեւորեց Առաքելական Սուրբ Եկեղեցու դերն ու նշանակությունը հայության կյանքում, բարձր գնահատեց եկեղեցու շինարարությանը նյութապես օժանդակած բարերարներին եւ շնորհավորեց բոլորին օրվա գեղեցիկ տոնի վերածված արարողության առիթով:

Հարավային Ռուսաստանի Հայոց Թեմի
Մամլո դիվան
30.06.2010թ.