Արքության պատիվ՝ Աբրահամ և Փառեն Սրբազաններին

Արքության պատիվ՝ Աբրահամ և Փառեն Սրբազաններին

   Սեպտեմբերի 15-ին՝ Խաչվերացի տոնին, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Սուրբ Պատարագից հետո մասնավոր արարողության ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը արքության պատիվ շնորհեց Վայոց Ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանին և Մայր Աթոռի միաբան Տ. Փառեն եպիսկոպոս Ավետիքյանին՝ ի գնահատություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու անդաստանում իրենց նվիրյալ ծառայության և տարիների վաստակի:

   Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը և Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանն ընթերցեցին Հայրապետական Սրբատառ կոնդակները: «…Գնահատանքով ենք անդրադառնում տասնամյակների Ձեր ծառայությանը: Դուք քաջեռանդությամբ արդյունավորել եք Ձեր սպասավորությունը` նոր սերնդի եկեղեցականաց պատրաստության կարևոր գործին գովելի ավանդ բերելով ճեմարանում դասավանդությամբ, Մայր Աթոռի պաշտոնական «Էջմիածին» ամսագրում ժրաջան աշխատանքով: Ձեր տերունապատվեր ծառայությունը բարեզարդել եք հատկապես Քրիստոնեական քարոզչության կենտրոնի տնօրենի պաշտոնում, նախանձախնդրությամբ ու նվիրումով ջանքեր բերելով նոր սերնդի քրիստոնեական դաստիարակության, մեր ժողովրդի մեջ սրբազան արժեքների հանդեպ հավատարմությունն առավել զորացնելու առաքելության մեջ: Առանձնակի գոհունակությամբ ենք անդրադառնում, որ հանրակրթական դպրոցների համար «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի դասագրքերի պատրաստման աշխատանքը կյանքի կոչվեց Ձեր գովելի ջանքերով և նախանձախնդրությամբ:

   Նվիրյալ եկեղեցականիդ ծառայության վաստակը հավելվեց առաջնորդական քաջեռանդ գործունեությամբ Սյունյաց թեմում, ուր բոլորանվեր ծառայություն բերեցիք թեմի կարգավորությանն ու շինությանը, հոգևորականաց սպասավորության 

արդյունավորմանը, հավատացյալ հայորդյաց հոգևոր խնամքի բարվոք իրականացմանը: Այսօր Դուք` որպես Վայոց ձորի թեմի առաջնորդ, շարունակում եք նույն նվիրումով պատասխանատու գործունեություն իրականացնել` ի փառս Աստուծո, ի պայծառություն Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու», - ասված է Աբրահամ Սրբազանին ուղղված Հայրապետական կոնդակում:

   «…Ավելի քան հինգ տասնամյակ առաջ Ձեր սրտում զգացիք Երկնավոր մեր Տիրոջ սպասավորը լինելու բարձր կոչումը և ձեռնադրվեցիք կուսակրոն քահանա: Աստուծո կամոք և օրհնությամբ հետագային հովվական ծառայության մեկնեցիք ԱՄՆ Հայոց Արևելյան Թեմ, ուր նախանձախնդիր ու նվիրյալ ոգով սպասավորեցիք Վաշինգտոնի, Միչիգանի, Չիկագոյի, Իլինոյիսի և Դիթրոյթի ծուխերում: Տիրոջ խոսքը հավատացյալ հայորդիներին մատակարարելու կարևոր առաքելության հետ զուգահեռաբար` Դուք նաև Ձեր ուսումնառությունը ամբողջացրեցիք ԱՄՆ բարձրագույն համալսարաններում: Ձեր տերունապատվեր ծառայությունը 

արգասավորել եք հատկապես Դիթրոյթի հոգևոր հովվի պաշտոնում, ուր Ձեր ազնիվ ջանքերով և անձնական հավաքածուի նվիրաբերումով` Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցուն կից հիմնեցիք «Ալեք Մանուկյան» թանգարանը:

   Գնահատանքով ենք անդրադառնում Ձեր ծառայության արդյունքներին նաև Հայաստանում: Դուք քաջեռանդությամբ բարեզարդել եք Ձեր սպասավորությունը Շիրակի թեմում` իբրև թեմակալ Առաջնորդ, գովելի ավանդ բերելով Շիրակի ընծայարանում` նոր սերնդի եկեղեցականաց պատրաստության կարևոր գործին: Առանձնակի ուրախություն է Մեզ համար, որ Մեր գահակալության շրջանին Դուք Ձեր նվիրյալ ծառայությունը բերեցիք Մայր Աթոռում` Թանգարանների և Վարչատնտեսական բաժնի տնօրենի պաշտոններում: Այսօր Սուրբ Էջմիածնում Ձեզ հատուկ նվիրումով և նախանձախնդրությամբ Դուք շարունակում եք Ձեր ջանադիր ծառայությունը` ի շինություն և ի պայծառություն Մայր Աթոռի: 

Ազնիվ եկեղեցականիդ վաստակը ամբողջանում է Ձեր անձնական միջոցներով իրականացվող որբերի հովանավորության աստվածահաճո ծրագրով, որով ուրախություն եք բերում ծնողական խնամքից զրկված կարիքավոր երեխաների կյանքում», - ասված է Փառեն Սրբազանին ուղղված Հայրապետական Սրբատառ 

կոնդակում:

   Նորին Սրբությունը մաղթել է, որ Բարին Աստված Ամենախնամ Իր Սուրբ Աջով պահի ու պահպանի Գերաշնորհ Աբրահամ և Փառեն արքեպիսկոպոսներին և զորացնի նրանց քրիստոսապատվեր իրենց առաքելության մեջ՝ շնորհելով արևշատություն և նորանոր հաջողություններ: