Արցախում կնշվի Արցախի թեմի վերաբացման 20-ամյակը
Սեպտեմբերի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ուր կնախագահի Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 20-ամյակին նվիրված միջոցառումները:
Նորին Սրբությանն ուղեկցում են Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Մայր Աթոռի Լուսարարապետ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Հայոց Բանակի հոգեւոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Հայրապետի գավազանակիր Տ. Հովնան աբեղա Հակոբյանը եւ Տ. Պարթեւ աբեղա Բարսեղյանը:
Սեպտեմբերի 26-ին, Գանձասարի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ տեղի կունենա երեկոյան ժամերգություն, որից հետո կկատարվի անդաստան եւ խաչքարի օծման արարողություն:
Սեպտեմբերի 27-ին Նորին Սրբությունը Ս. Պատարագ կմատուցի Շուշիի Ս. Ամենափրկիչ եկեղեցում, որի ավարտին կկատարվի Հանրապետական մաղթանք: Նույն օրը տեղի կունենա «Եկեղեցական գանձեր» ցուցահանդեսի բացումը Արցախի Պատմա-երկրագիտական թանգարանում:
Սեպտեմբերի 28-ին Վեհափառ Հայրապետը կմասնակցի Արցախի թեմին նվիրված լուսանկարների եւ թեմի կողմից հրատարակված գրականության ցուցահանդեսին, ինչպես նաեւ թեմի վերաբացման 20-ամյակին նվիրված հանդիսավոր երեկոյին: