Արգենտինայի հայոց թեմի երիտասարդ ուխտավորների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Օգոստոսի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն ընդունեց Արգենտինայի Հայոց թեմի Սբ. Գրիգոր Լուսավորիչ դպրոցի եւ Վիսենտե Լոպես դպրոցի ավարտական դասարանի աշակերտներին, ինչպես նաեւ Բուենոս Այրես քաղաքի Արգենտինահայ Մշակութային Միության «Գայանե պարախմբին»` ուղեկցությամբ Բուենոս Այրես քաղաքի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Մաղաքիա աբեղա Ամիրյանի:
Հանդիպման սկզբում Հոգեշնորհ Հայր Սուրբը նախ Նաթան Սրբազանին ներկայացրեց խմբերի անդամներին, ապա տեղեկացրեց, որ թեմակալ առաջնորդի օրհնությամբ երիտասարդներն ամեն տարի ուխտագնացության են գալիս Հայաստան եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` ավելի մոտիկից ծանոթանալու Հայրենիքի հարուստ մշակույթին եւ սրբազան արժեքներին:
Այնուհետեւ, երիտասարդ հայորդիների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ողջունեց Նաթան Սրբազանը: Իր խոսքում Սրբազան Հայրն ընդգծեց երիտասարդ ուխտավորների այցելության կարեւորությունը` նշելով, որ Հայրենիքի բազմադարյա ժառանգության և սրբազան արժեքների հետ անմիջական հաղորդակցությունը նրանց համար պիտի դառնա ոգեշնչման ու վերանորոգության աղբյուր` նպաստելով նրանց մեջ հայրենասեր ու եկեղեցասեր անձերի կերտմանը:
Հանդիպմանը Սրբազան Հայրը պատասխանեց նաեւ երիտասարդներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին Եկեղեցու առջեւ ծառացած ժամանակակից մարտահրավերներին, Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա վիճակին եւ Մայր Աթոռի կողմից իրականացվող քարոզչական ու հասարակական գործունեությանը: