Արաբկիր համայնքի 5 օծված զանգերի խորհուրդը
Մայիսի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ և ձեռամբ Մայր Աթեոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի, տեղի ունեցավ Երևանի Արաբկիր համայնքի կիսակառույց եկեղեցու 5 զանգերի օծման արարողությունը։ Եկեղեցին կառուցվում է ամերիկաբնակ Լուիս-Սիմոն Մանուկյանի բարերարությամբ: Այն իր մեծությամբ երրորդն է քաղաքում:
Օծված հինգ զանգերից յուրաքանչյուրն ունի իր անունն ու խորհուրդը։
Առաջին զանգն (780 կգ) իր մեջ ամփոփում է հավատքի խորհուրդը։ Այն իր ղողանջով մարդկանց հոգիներում հավատ ու սեր է տարածելու։ Զանգը կրում է 3 տաղավար տոների նկարագրությամբ զարդաքանդակներ՝ Ս․ Հարություն, Ս․ Ծնունդ և Ս․ Խաչ։
Երկրորդ զանգի (400 կգ) խորհուրդը հայրենասիրությունն է։ Իր ղողանջով այն համայն հայությանը լցնելու է հայրենիքի հանդեպ սիրով։ Այն կրում է Ս. Գրիգոր Նարեկացու սրբապատկերը։
Ծնողասիրության խորհուրդն իր մեջ ամփոփում է երրորդ զանգը (230 կգ)։ Այս զանգի ղողանջները ծնողի հանդեպ սեր են քարոզելու։ Զանգի վրա պատկերված է Ս․ Մարիամ Աստվածածնի սրբապատկերը։
Չորրորդ զանգը (150 կգ) վերաբերում է զավակասիրությանը։ Իր ղողանջով այն ավետելու է Հիսուս Քրիստոսի ծնունդն ու հայտնությունը։ Կրում է հայտնության նկարագրությամբ զարդաքանդակ։
Եվ վերջապես, հինգերորդ զանգն (100 կգ) իր մեջ կրում է մկրտության խորհուրդը և իր ղողանջներով մարդկանց հորդորելու է մկրտվել և հնարավորություն ունենալ արժանանալ Աստծո արքայությանը։