Ավարտվեց Ռուս Ուղղափառ Եկեղեցու պատվիրակության այցը Հայաստան
Դեկտեմբերի 13-ին Ռուս ուղղափառ եկեղեցու պատվիրակության ժամանակացույցը հագեցած էր տարբեր վանքեր այցելություններով: Օրվա սկզբին ռուս պատվիրակները մեկնեցին Կեչառիսի վանական համալիր:
Այնուհետեւ Ռուս Եկեղեցու ներկայացուցիչներն ուղեւորվեցին Գեղարդավանք: Վանահայր Տ. Հարություն աբեղա Կիրակոսյանի ուղեկցությամբ նրանք շրջայց կատարեցին Գեղարդավանքում` ծանոթանալով վանքի պատմությանը եւ ներկայիս կյանքին:
Օրվա ավարտին Նոր Նորքի հայորդյաց տան սաներն ի պատիվ հյուրերի պատրաստել էին համերգային ծրագիր, որի ավարտին Հայորդյաց տների հոգեւոր տեսուչ Տ. Կոմիտաս վարդապետ Հովնանյանը Ռուս Եկեղեցու պատվիրակությանը հանգամանորեն ներկայացրեց մանուկների եւ պատանիների հետ Հայ Եկեղեցու կողմից տարվող աշխատանքը:
եկտեմբերի 14-ին պատվիրակությունը Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու բյուրավոր հայ նահատակների անմահ հիշատակին:
Հուշահամալիրում Մոսկվայի Պատրիարքարանի Արտաքին հարաբերությունների բաժնի նախագահ Վոլոկալամսկի միտրոպոլիտ Իլարիոնը ծաղկեպսակ զետեղեց, ապա աղոթեց Հայոց Եղեռնի զոհերի հոգիների հանգստության համար: Հիշողության պուրակում միտրոպոլիտ Իլարիոնը նաեւ ջրեց Մոսկվայի եւ Համայն Ռուսաստանի Կիրիլ Պատրիարքի ձեռամբ տարեսկզբին տնկված ծառը:
Այնուհետեւ պատվիրակությունն ուղեւորվեց Երեւանում կառուցվող Ս. Խաչ ռուսական եկեղեցի, ուր Վոլոկալամսկի միտրոպոլիտը ծանոթացավ շինարարական աշխատանքների ընթացքին:
Կեսօրին պատվիրակությունը մեկնեց Մոսկվա: