Ավարտվեց Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի 14-րդ համագումարը

Ավարտվեց Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի 14-րդ համագումարը

     Հուլիս 8-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում իր աշխատանքներն ավարտեց Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի (ԵԵԿ) 14-րդ համագումարը: Համագումարի ընթացքում ընդունվեց ԵԵԿ նոր կանոնադրությունը, անդրադարձ կատարվեց Եվրոպայում ֆինանսական ճգնաժամին, Եվրոպական սոցիալական խառտիային, Մերձավոր Արևելքում` հատկապես Սիրիայում և Եգիպտոսում տիրող իրավիճակին, ինչպես նաև Թուրքիայում և Հյուսիսային Կիպրոսում կրոնական ազատությունների հիմնախնդիրներին:
     Համագումարն ընտրեց Եվրոապական Եկեղեցիների Կոնֆերանսի ղեկավար մարմինը, որի կազմում որպես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ ընտրվեց Տավուշի թեմի առաջնորդ, Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը:
     Ժողովի ընթացքում Հայ Եկեղեցու պատվիրակները մասնակցեցին զանազան հանձնախմբերի աշխատանքներին. Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը հինգերորդ աշխատանքային խմբի համակարգողն էր, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը հասարակական հարցերի հանձնախմբում էր, Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանն ընդգծրկված էր համագումարի պատգամը նախապատրաստող հանձնախմբում, իսկ Մարիաննա Ապրեսյանը` թեկնածուներ առաջադրող հանձնախմբում: