Ավարտվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Հարավային Ամերիկա Վերջին հանգրվանը Վենեսուելան էր
Մայիսի 26-ի երեկոյան Մայր Տաճարի զանգերի ղողանջներն ավետեցին Հարավային Ամերիկա կատարած հովվապետական այցից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի վերադարձը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
Մայր Աթոռի միաբանների թափորով Ամենայն Հայոց Հայրապետն առաջնորդվեց Մայր Տաճար, ուր գոհաբանական աղոթք մատուցվեց Վեհափառ Հայրապետի ժամանման առիթով:
Մայր Աթոռի լուսարարապետի պաշտոնակատար Տ. Հովնան վարդապետ Հակոբյանի բարիգալստյան խոսքից հետո միաբաններին իր օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` հանգամանորեն ներկայացնելով նաեւ հովվապետական այցի մանրամասները:
Մայիսի 6-9-ը Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր շքախմբով եղավ Բրազիլիայի հայոց թեմում, մայիսի 10-12-ը Վեհափառ Հայրապետը Հովվապետական այց կատարեց Ուրուգվայի հայոց թեմ, իսկ մայիսի 12-20-ը Նորին Սրբությունն այցելեց Արգենտինայի հայոց թեմի հայ համայնքները: Մայիսի 21-22-ը Նորին Սրբությունը նաեւ այցելեց Չիլիի Հանրապետությունում բնակվող հայորդիներին: Ամենուրեք Ամենայն Հայոց Կաթողիկոսը ջերմ ընդունելություն գտավ` ուրախություն ու խանդավառություն պատճառելով հավատացյալներին եւ փոխանցելով ամենքին համայն հայության հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությունն ու զորակցությունը: Այցի ընթացքում Վեհափառ Հայրապետը հանդիպումներ ունեցավ պետական բարձրաստիճան պաշտոնյաների, Քույր Եկեղեցիների ներկայացուցիչների, քաղաքական ու մշակութային գործիչների, ինչպես նաեւ ազգային-համայնքային կյանքում գործող տարբեր կրթական, բարեսիրական, հայրենակցական հաստատությունների ներկայացուցիչների հետ:
Այնուհետեւ Նորին Սրբությունը մանրամասն անդրադարձավ Հարավային Ամերիկա այցի իր վերջին հանգրվանին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը տեղեկացրեց, որ հրավերով Մայր Աթոռի բարերար տիար Մարկո Զարիկյանի մասնավոր այցով մայիսի 23-25-ը շքախմբի ուղեկցությամբ եղավ Վենեսուելայում: Կարակասի օդանավակայանում Նորին Սրբությանը դիմավորեցին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբաններ Տ. Կոմիտաս արքեպիսկոպոս Օհանյանը, Տ. Փառեն վարդապետ Վարդանյանը եւ համայնքի ներկայացուցիչներ: Այդ ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետն այցելեց Կարակասի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի` իր օրհնությունը բերելով համայնքի հավատացյալ հայորդիներին: Կարակասում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայ Առաքելական Եկեղեցու պատվո բարձրագույն ՙՍուրբ Գրիգոր Լուսավորիչ՚ շքանշանով է պարգեւատրել Մայր Աթոռի բարերար Մարկո Զարիկյանին` ի գնահատություն նրա երախտարժան ծառայության եւ նվիրումի հանդեպ Մայր Աթոռ Ս. Էջմիածինը:
Վերջում Վեհափառ Հայրապետը, գոհություն հայտնելով Աստծուն այցի բարեհաջող ընթացքի համար, վերստին աղոթք վերառաքեց առ Բարձրյալ Տերը հայրենիքի եւ աշխարհասփյուռ հայ ժողովրդի բարօր ու լուսավոր կյանքի համար: