Ավանդական ուխտագնացություն Չինսուրայի Ս. Հովհաննես հայկական եկեղեցի
Հունվարի 14-ին, Ս. Հովհաննես Կարապետի ծննդյան տոնին հաջորդող կիրակի օրը, ավանդության համաձայն` ուխտի Ս. Պատարագ մատուցվեց Չինսուրայի Ս. Հովհաննես հայկական եկեղեցում, որն Արեւմտյան Բենգալիա նահանգի երկրորդ ամենահին քրիստոնեական եկեղեցին է եւ Ծայրագույն Արեւելքի առաջին հայկական եկեղեցին` կառուցված` 1695թ.-ին:
Օրվա պատարագիչն էր հնդկահայոց հոգեւոր հովիվ եւ Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի կառավարիչ Տ. Օշական վրդ. Գյուլգյուլյանը, որին ընկերակցում էր Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի միաբան Տիգրան սրկ. Բաղումյանը: Ս. Պատարագի ընթացքում Հայր Սուրբը հավուր պատշաճի քարոզ խոսեց` հայցելով Ս. Հովհաննես Մկրտչի բարեխոսությունը հնդկահայոց գաղութի համար:
«Այսօր պատմական օր է հնդկահայ գաղութի համար, քանզի մեր նախնյաց օրինակով կրկին ուխտի ենք եկել Ս. Հովհաննես հայկական եկեղեցին` աղոթելու եւ վերստին Տիրոջով նորոգվելու համար: Ուստի եկեք միասնաբար աղոթենք եւ ուխտենք, որ ամեն ինչ պետք է անենք` տեր կանգնելու համար հյուրընկալ այս հողի վրա սփռված մեր արժեքներին` ամենուր ազդարարելով հայ քրիստոնյայի բարի անվան մասին»,-նշեց Օշական վարդապետը:
Ուրախալի այս առիթով Կալկաթայի Ս. Նազարեթ հայկական եկեղեցուց դուրս էր բերվել նաեւ Ս. Հովհաննես Մկրտչի մասունքով Ս. Աջը, որով եւ Ս. Պատարագի ընթացքում կատարվեց անդաստան: Հավարտ սրբազան արարողության բոլոր մասնակիցներն իրենց խոնարհումը բերեցին սրբի մասունքներին` համբուրելով ատյանում դրված Ս. Ավետարանն ու Ս. Աջը:
Ուխտագնացությանը մասնակցում էին Կալկաթայի եկեղեցական խորհրդի անդամները, հնդկահայեր եւ Մարդասիրական ճեմարանի սաները: