Ավագ շաբաթ

Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին` Ս© Զատկին նախորդող շաբաթը կոչվում է Ավագ շաբաթ, որի յուրաքանչյուր օրը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցած առանձին դեպքեր, հիշատակվում են Քրիստոսի վերջին յոթ օրերի ուսուցումները, չարչարանքները, խաչելությունը, մահը եւ հարությունը:

6 ապրիլի - Ավագ երկուշաբթի: Նվիրված է աշխարհի` երկնքի եւ երկրի արարչագործությանը: Առավոտյան ժամերգության ընթացքում ավետարանական ընթերցումները հիշատակում են «Անիծված թզենու» պատմությունը, երբ Հիսուս, Բեթանիայից Երուսաղեմ վերադարձին, անեծքով չորացնում է անպտուղ թզենին` վկայելով. «Եվ ամեն ինչ, որ ուզեք աղոթքի մեջ հավատով, կստանաք» (Մատթ. ԻԱ 18-22): Հիսուս անիծելով տերեւներով զարդարված, բայց անպտուղ թզենուն` փարիսեցիներին էր ակնարկում, ովքեր արտաքին բարեպաշտությամբ էին զարդարված, սակայն չունեին այդ բարեպաշտության հոգեւոր պտուղը` բարի գործերը եւ ողորմածությունը:

Պտուղն այլաբանորեն խորհրդանշում է մարդկային բարի գործերն ու առաքինությունները, որոնցից զուրկ մարդը կպատժվի այս թզենու օրինակով: Ինչպես ասում է ս© Հակոբոս առաքյալը` «Հավատքն առանց գործերի մեռած է» (Հակ© Բ 20):

7 ապրիլի - Ավագ երեքշաբթի: Այն մի ներքին ընդհանրությամբ կապված է նախորդ օրվա հետ© ակնարկում է, որ մեր առաքինի գործերի պտուղներով հոգեպես պետք է պատրաստ լինենք Քրիստոսի երկրորդ գալստյանը, այլապես կչորանանք թզենու պես եւ երկնքի արքայությունից դուրս կմնանք հինգ հիմար կույսերի նման: Օրվա ավետարանական ընթերցվածը պատմում է «Տասը կույսերի» առակը (Մատթ. ԻԵ 1-13): Այս առակը հինգ իմաստուն եւ հինգ հիմար կույսերի պատմությամբ պատգամում է պատրաստ լինել Տիրոջ գալստյանը:

Ավագ երեքշաբթի, երեկոյան ժամերգության ընթացքում եկեղեցու ատյան են դուրս գալիս տասը մանուկներ: Նրանցից հինգը, ձեռքներին պահած ունենալով վառվող մոմեր, խորհրդանշում են իմաստուն կույսերին, իսկ մյուս հինգը` հանգած մոմերով` հիմար կույսերին:

Այս տարի Ավագ երեքշաբթին համընկել է Ս. Աստվածածնի Ավետման տոնին, երբ բոլոր եկեղեցիներում կատարվում է նաեւ մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնություն: