Աստվածաշնչի հայերեն թարգմանությանը նվիրված միջազգային գիտաժողովը շարունակվում է
Հոկտեմբերի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հոկտեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի բարձր հովանավորությամբ եւ հանդիսապետությամբ սկսված Աստվածաշնչի հայերեն թարգմանությանը նվիրված միջազգային գիտաժողովը շարունակեց իր աշխատանքները:
Առաջին նիստը նախագահում էր Հայաստանի Աստվածաշնչական ընկերության գլխավոր քարտուղար Հրաչ սրկ. Սարգսյանը: Նիստի ընթացքում զեկույցներով հանդես եկան Գերմանիայի Թյուբինգենի համալսարանի պրոՖ. Գաբրիելլա Վինքլեռը («Աստվածաշնչյան վկայակոչումների աստվածաբանական ազդեցությունը Գրիգոր Լուսավորչի պատարագում»), Ֆրանսիայից Հայր Շարլ Ռենուն («Ավագ ուրբաթ հիշատակվող` Քրիստոսի մահվան արարողության սաղմոսների քննություն»), Կանադայի Մակգիլ Համալսարանի պրոՖ. Մանուել Ջինբաշյանը («Ծննդոցի» հայերեն թարգմանության բնագիրը»):
Օրվա երկրորդ նիստը նախագահեց Գուգարաց թեմի Տավուշի մարզում առաջնորդական փոխանորդ Տ. Սասուն ծ. վրդ. Զմրուխտյանը: Հերթական այս նիստում իրենց զեկույցները ներկայացրեցին Իսրայելից Երուսաղեմի Եբրայական համալսարանի պրոՖ. Մայքլ Սթոունը («Պարականոն գրքերը եւ հայկական ավանդությունը»), նույն համալսարանի դասախոս տիկ. Նիրա Սթոունը («Դրախտի չորս գետերն հայկական մանրանկարչության մեջ») եւ Նյու Յորքի Սբ. Ներսես ճեմարանի դասախոս Տ. Վահան վրդ. Հովհաննիսյանը («Հանգիստ երանելւոյն Յովհաննու» հայկական տարբերակը եւ նրա հարաբերությունը «Գործք Յովհաննու» պարականոն գրությունը»):
Նիստերի ավարտին գիտաժողովի մասնակիցները ներկա գտնվեցին երեկոյան ժամերգությանը: