Աստվածաբանական համալսարանների միջազգային ժողով

Հուլիսի 7-10-ը Ավստրիայի Գրաց քաղաքի Կարլ-Ֆրանզենս Կաթոլիկ Աստվածաբանական համալսարանում տեղի ունեցավ Եվրոպայի Աստվածաբանական համալսարանների երրորդ միջազգային ժողովը` «Ակադեմիական Աստվածաբանությունը Եվրոպայում. վտանգվա°ծ, թե պահանջված» թեմայով: Ժողովը կազմակերպել էր Եկեղեցիների Եվրոպական Կոնֆերանսը Կաթոլիկ Աստվածաբանական համալսարանի հետ միասին:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ժողովին ներկայացրեց Գեւորգյան Հոգեւոր ճեմարանի փոխտեսուչ Տ. Տիրան աբեղա Պետրոսյանը:

Ժողովին մասնակցում էին մոտ 22 երկրների ներկայացուցիչներ: Կոնֆերանսի հիմք հանդիսացան 2002 եւ 2006 թվականներին անցկացված երկու ժողովները, որոնք իրենց շարունակությունը գտան` կապ հաստատելով Քրիստոնեական Եվրոպայի տարբեր հավատների Աստվածաբանական համալսարանների միջեւ, հետագա համագործակցություն ապահովելով աստվածաբանական կրթության եւ ուսումնասիրության բնագավառում, նոր ճանապարհներ հարթելով` աստվածաբանական ուսմունքը Եվրոպայում ծավալելու համար:

Ժողովի ընթացքում քննարկվեցին համալսարանի, եկեղեցու, պետության եւ հասարակության միջեւ հաստատված անքակտելի կապերը: Մասնակիցներն ընդունեցին մի շարք առաջարկներ եւ խորհուրդներ Գրացի գործընթացի ապագայի վերաբերյալ, որոնք արտահայտվեցին Ամփոփիչ հայտարարության մեջ: