«Առողջապահություն և Հայ Առաքելական Եկեղեցի» գիտաժողով Մայր Աթոռում
Սեպտեմբերի 29-30-ը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի կունենա «Առողջապահություն և Հայ Առաքելական Եկեղեցի» խորագիրը կրող գիտաժողով` կազմակերպված Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի կողմից` «Վորլդ վիժըն» կազմակերպության, ԵՀԽ Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի, «Ջինիշյան» հիշատակի hիմնադրամի և ՄԱԲՀ (UNFPA) հայաստանյան գրասենյակի աջակցությամբ:
Գիտաժողովի նպատակն է բազմակողմանիորեն քննել, գնահատել, համադրել հայ ժողովրդի կյանքում Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու դերակատարությունն ու մտածողությունը, պատմական փորձառությունը և արդի մարտահրավերները առողջության և առողջության իրավունքի ոլորտում:
Գիտաժողովին մասնակցելու են շուրջ 70 զեկուցողներ, հրավիրյալներ, համապատասխան ոլորտների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Երկօրյա գիտաժողովը բաղկացած է լինելու հետևյալ մասերից` «ՀՀ առողջապահական համակարգի զարգացման ռազմավարությունը», «ՀՀ առողջապահական համակարգը», «Մայրերի, երեխաների և դեռահասների առողջության պահպանում», «Հանրային առողջության հիմնախնդիրները Հայաստանում», «Առողջապահության ֆինանսավորում», «Առողջապահական ծառայությունների որակ և մատչելիություն», «Հոգեկան առողջություն և հաշմանդամություն» և «Բիոէթիկա, աստվածաբանություն»: