Ապրիլյան նահատակաց ոգեկոչման օրը Ռումինիայի Հայոց Թեմում
Ռումինահայությունը 2012 թ. ապրիլ 24-ի առավոտյան Բուքուրեշի Հայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցում միասնաբար ոեկոչեց Հայոց Ցեղասպանության 97 ամյակը: Ոգեկոչման ընթացքը հանդիսապետում էր Ռումինիայի Հայոց թեմի առաջնոդ գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը: Ներկա էին թեմի ողջ հոգեւորականաց դասը, Ռումինիայում գտնվող քույր եկեղեցիների պետերը, թեմական խորհրդի ներկայացուցիչները, միության վարչության անդամները, Ռումինիայում Հայաստանի դեսպանը, այլ պաշտոնատար անձիք, ինչպես նաև հարյուրավոր հայորդիներ: Գերաշնորհ սրբազան հոր նախագահությամբ տեղի ունեցավ Հոգեհանգստայն արարողություն Ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ նահատակների խնկաբույր հիշատակի և հոգւոց հանգստության համար: Հոգեհանգստյան արարողության ավարտին գերաշնորհ Տաթև սրբազանը իր հայրական պատգամը ուղղեց ներկա ուխտավոր ժողովրդին՝ ասելով.«ՙՍիրելի հավատացյալներ, ահավասիկ համայն հայ ժողովուրդը, որ ի Հայաստան եւ ի սփիւռս աշխարհի այսօր կը յիշատակէ հայոց ցեղասպանութեան` Մեծ Եղեռնին 97-րդ տարելիցը: Յիշատակութիւն մը, զորս յաւերժօրեն գամուած է իւրաքանչիւր հայուն սիրտին մեջ, որպես կնիք սգոյ եւ արցունքի, որպէս հաւատքի ամրութեան եւ ազգային ինքնութեան աննախադէպ փարոս ի ցոյց ողջ մարդկութեան ի ծագս աշխարհի: Սիրելի հավատացեալներ, այսօր, երբ համայն մարդկութիւնը համաշխարհայնացման նոր ընթացքով և նոր մօտեցումներով կը փորձէ դէմ հանդիման կենալ ամէն տեսակ ահաբեկչութեան և չարագործութիւններու, այլև հաստատելու համամարդկային հաւասարութեան և խաղաղութեան ճշմարիտ և Աստուածահաճ նորմերը, տակաւին թուրք հետադիմական, այլև օսմանեան կայսրութեան արիւնարբու ախտով տառապող ժողովուրդը կը փորձէ զանազան անմաքուր խաղերով և սադրանքներով ժխտել Հայոց ցեղասպանութեան մեծագոյն ոճիրը, զորս անմարդկային աներևակայելի և ամենադաժան կերպով իրագործուեցաւ 1915թ.: Աւելի քան երկու միլիոն անմեղ հայորդիներ իրենց արիւնը թափեցին վասն Յիսուսի, վասն հայրենեաց և վասն հայոց հանճարին յաւերժ սլացքին:…. Այսպիսով հայոց ցեղասպանութեան 97-րդ տարելիցին առիթով, մեր ձայնը կը բարձրացնենք առ Յաղթական մեր Փրկիչը, ըսելով ՙԻ քեզ Տէր յուսացայ, մի ամաչեցից յաւիտեան՚: Անշուշտ մեր յոյսն ու ապաուաէնը Տէրն է… Եկեք ուրեմն մեր սիրտին հոգւոյն դուռը բանանք Տիրոջ առաջ, այլև մեր ազնիւ աղօթքով խնդրենք, որպեսզի Տիրոջ Սէրն ու օրհնութիւնը, ուժն ու խաղաղութեան ոգին լեցնէ մեր հայրենիքին սահմաններն ու մեր զաւակաց հոգիները…»՚: Այնուհետև, իր խոսքով հանդես եկավ Ռումինիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան` պրն. Համլետ Գասպարյանը: Հոգեհանգստյան պաշտոնից հետո գերաշնորհ սրբազան հայրը, Ռումինիայում գտնվող քույր եկեղեցիների պետերը, Ռումինահայ միության վարչության անդամները, Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը ծաղկեպսակներ դրեցին եկեղեցու բակում զետեղված նահատակաց խաչքարի դիմաց: Ապրիլ 24-ը ուխտի վերանորոգության ու պահանջատիրության օր է դարձել համայն հայության համար: Բռնադատված մեր իրավունքներին վերստին տիրանալու կոչ է յուրաքանչյուր Ապրիլ 24-ը, որ ազգային հավաքական կամքի պրկում և արդար վրեժխնդրություն է արթնացնում յուրաքանչյուր գիտակից հայի հոգում: Նույն կամքն ու նվիրումն առավել դրսևորելու համար, ինչպես նաև անտարբեր աշխարհին սթափեցնելու համար` նախաձեռնությամբ Ռումինահայոց թեմի և ռումինահայոց միության մասնակցությամբ, առաջին անգամ Ռումինահայոց գաղութի պատմության մեջ ողջ հայությունը Սրբազան հոր գլխավորությամբ մեկ մարդու պես քայլքով ընթացավ դեպի Բուքուրեշի Հռոմի անունը կրող կենտրոնական հրապարակ: Քայլարշավի մասնակիցները հայկական ու ռումինական դրոշներով, ինչպես նաև ազգային պահանջատիրական ենթատեքստ կրող պաստառներով հանրության առաջ իրենց բողոքի և արդարության պահանջի ձայնը բարձրացրեցին: Ներկա էին նաև ռումինական հեռուստաընկերությունների և մամուլի ներկայացուցիչները: Քայլարշավը ավարտվեց միասնական աղոթքով: