Անցկացվեց կիրակնօրյա դպրոցների ուսուցիչների համաժողով
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը հունիսի 13-17-ը «Աղվերան պարկ ռեզորթ» հաստատությունում «Վորլդ Վիժն» (World Vision) բարեգործական կազմակերպության աջակցությամբ անցկացրեց կիրակնօրյա դպրոցների ուսուցիչների համաժողով, որին մասնակցեցին շուրջ հարյուր ուսուցիչներ Հայ Եկեղեցու հայաստանյան տարբեր թեմերից:
Հանդիպումների յուրաքանչյուր օրն սկսվեց Սուրբ Գրքի սերտողությամբ և ավարտվեց հավաքական աղոթքով: Համաժողովի շրջանակներում մասնակիցներին ներկայացվեց Սուրբ Պատարագի խորհուրդն իր ամբողջության մեջ:
Համաժողովի հինգ օրերի ընթացքում թեմատիկ բանախոսություններով հանդես եկան Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Արթիկի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Նարեկ վարդապետ Ավագյանը, Քրեակատարողական հիմնարկներում հոգևոր ծառայության պատասխանատու Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը, Եպիսկոպոսաց ժողովի գրասենյակի տնօրեն Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանը, Արարատյան հայրապետական թեմից Արժանապատիվ Տ. Նշան քահանա Ալավերդյանը, Տ. Աբգար քահանա Մարգարյանը և Հայաստանի Աստավաշնչային ընկերության ծրագրերի պատասխանատու տիար Արշավիր Գաբուջյանը:
Խմբային աշխատանքներն ուղղորդեցին Աննա Խաչատրյանը և Շիրակի թեմից Արժանապատիվ Տ. Նշան քահանա Պանֆյորովը: Խմբային աշխատանքների արդյունքում ուսուցիչները պատրաստեցին կիրակնօրյա դպրոցի առաքելությունը ներկայացնող կոլաժներ:
Համաժողովի ընթաքում` Սուրբ Սահակ Պարթև Հայրապետի և Սուրբ Մեսրոպ Մաշտոց Վարդապետի հիշատակության օրը, մասնակիցները Աղվերանի 12-րդ դարի Ս. Աստվածածին խոնարհված եկեղեցում ներկա գտնվեցին Սուրբ Պատարագին, որը մատուցեց ՔԴԿ տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը:
Համաժողովի ավարտին, արդեն տարիների ավանդույթի համաձայն, մասնակիցները` շնորհակալ զգացումներով, հավաքական աղոթք հղեցին առ Աստված Ամենայն Հայոց Հայրապետի կենաց արևշատության և երկարամյա արդյունաշահ գահակալության համար:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի
Քրիստոնեական դաստիարակության կենտրոն