Այց Բրյուսել
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ` ս.թ. մարտի 6-12-ը, ԵՀԽ Կլոր սեղան Միջեկեղեցական բարեգործական կազմակերպության ներկայացուցիչները` Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը (Հոգաբարձուների խորհրդի անդամ), դոկտոր Կարեն Նազարյանը (գործադիր տնօրեն) եւ Ռուբինա Դեւրիկյանը (ծրագրերի պատասխանատու) աշխատանքային այցով եղան Բրյուսելում:
Այցի նպատակն էր ծանոթանալ Բրյուսելում եկեղեցական եւ Եվրոպական կազմակերպությունների գործունեությանը, Հայաստանի հետ նրանց ունեցած կապերին եւ իրականացվող ծրագրերին, Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի գործունեությունը որպես տարածաշրջանային եւ միջեկեղեցական կազմակերպություն ներկայացնել Եվրոպական կառույցների ներկայացուցիչներին եւ ուղիներ փնտրել համագործակցության հետագա զարգացման համար:
Այս նպատակով պատվիրակությունը աշխատանքային հանդիպումներ ունեցավ Եվրոպական Խորհրդի Հարավային Կովկասի եւ Արեւելյան Գործընկերության պատասխանատուների, Եվրոպական խորհրդարանի` արտաքին քաղաքականության եւ հարաբերությունների ներկայացուցիչների, «Եվրոդիակոնիա» կազմակերպության, Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի, Հայաստանի Եվրոպական ընկերներ կազմակերպության եւ մի շարք այլ եվրոպական կազմակերպությունների հետ:
Պատվիրակության անդամներին ընդունեց նաեւ Բենիլյուքս երկրների հոգեւոր հովիվ Տ. Զատիկ վարդապետ Ավետիքյանը:
Ի թիվս տարբեր պայմանավորվածությունների համաձայնություն ձեռք բերվեց Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի «Եկեղեցի եւ հասարակություն» հանձնախմբի հետ` համագործակցել «Սոցիալական հայեցակարգի» ստեղծման աշխատանքների եւ տարածաշրջանային երկխոսությունը խթանող ծրագրերի բնագավառներում: