Ամենայն հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի Լատին Եկեղեցու սպասավորներին
Ապրիլի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում ուխտավորաբար գտնվող Վրաստանի Լատին Եկեղեցու առաջնորդ Ջուզեպպե արքեպիսկոպոս Պազոտտոյին, հոգևոր սպասավորներին ու միանձնուհիներին` ուղեկցությամբ Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում և Արևելյան Եվրոպայում Կաթողիկե Եկեղեցու առաջնորդ Տ. Ռաֆայել արքեպիսկոպոս Մանուկյանի:
Հանդիպման սկզբում Տ. Ռաֆայել արքեպիսկոպոս Մանուկյանն Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց ուխտավորներին` շնորհակալություն հայտնելով հայոց հոգևոր կենտրոնում Քույր Եկեղեցու հոգևոր սպասավորներին հյուրընկալելու համար:
Այնուհետև կաթոլիկ ուխտավորներին հայրապետական իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց Նորին Սրբությունը: Շնորհավորելով ներկաներին Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապի գահակալության առիթով` Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ Մայր Աթոռի և Վատիկանի ջերմ փոխհարաբերություններին:
Զրույցի ավարտին Վեհափառ Հայրապետը Տիրոջ օգնականությունն ու զորակցությունը մաղթեց Կաթոլիկ Եկեղեցու սպասավորներին` քրիստոսապատվեր իրենց ծառայության արդյունավորման համար: