Ամենայն Հայոց կաթողիկոսն օծեց Ռոստովի մարզի Մեծ Սալա գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցին
Սեպտեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շքախմբի ուղեկցությամբ մեկնեց Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմ, ուր Ռոստովի մարզում հանդիսապետեց Մյասնիկյանի շրջանի Մեծ Սալա գյուղի Սբ. Աստվածածին եւ Դոնի Ռոստով քաղաքի Սբ. Խաչ հայկական եկեղեցիների օծման արարողությունները:
Վեհափառ Հայրապետին ուղեկցում էին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը, Հարավային Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Մովսես եպիսկոպոս Մովսիսյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Երեւանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգեւոր տեսուչ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, գավազանակիր Տ. Հովնան աբեղա Հակոբյանը, Սբ. Գայանե վանքի հոգեւոր սպասավոր Տ. Գրիգոր քահանա Տերտերյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան ներեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Տ. Պարույր քահանա Ավետիսյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանը, Գերագույն հոգեւոր խորհրդի անդամ պրն. Վիլեն Հակոբյանը, «Հորիզոն-95» ՍՊԸ-ի տնօրեն պրն. Գագիկ Գալստյանը:
Ռոստովի օդանավակայանում Նորին Սբության գլխավորած պատվիրակությանը դիմավորեցին ՌԴ Հարավային Դաշնային շրջանում ՀՀ գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանը, ՌԴ Ռոստովի մարզի նահանգապետ Վլադիմիր Չուբը, մարզային իշխանության ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Ռուսաստանի հայոց թեմի հոգեւոր դասի ու հայ համայնքի ներկայացուցիչները:
Աղ ու հացի եւ ողջույնի կարճատեւ արարողությունից հետո Վեհափառ Հայրապետը մեկնեց Մյասնիկյանի շրջանի Մեծ Սալա հայաբնակ գյուղ` կատարելու Սբ. Աստվածածին եկեղեցու օծումը: Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1860-1867թթ. դեռեւս 1779թ. Ղրիմից Դոն տեղափոխված անեցիների կողմից: Եկեղեցու օծումը կատարվել է 1867թ. ձեռամբ Գեւորգ Դ Հայոց Հայրապետի: Խորհրդային շրջանում 1938 թվականից եկեղեցին փակվում է եւ ծառայում իբրեւ ցորենի պահեստ, հետագայում` գերիների բանտ, զինվորական հոսպիտալ: Եկեղեցու նորոգությունն սկսվում է 1992թ. եւ շարունակվում 2004թ.:
Գյուղում շրջանի ղեկավար Խաչատուր Անոսյանի ու Մեծ Սալայի գյուղապետ Գուրգեն Պոպովյանի գլխավորությամբ Հայոց Հայրապետին մեծ խանդավառությամբ դիմավորեց գյուղի բնակչությունը: Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատմական այցի առիթով հազարավոր հայորդիներ կազմակերպել էին մեծ տոնախմբություն` ավանդական աղ ու հացով, ազգային նվագարանների երաժշտությամբ եւ հոգեւոր ու ազգային երգերի կատարմամբ: Եկեղեցականների եւ ժողովրդի թափորով Վեհափառ Հայրապետն առաջնորդվեց եկեղեցի: Հանդիսավոր արարողությամբ Նորին Սրբությունն օծեց եկեղեցու Սուրբ Սեղանը, իսկ արարողությանը մասնակից Նավասարդ եւ Եզրաս Սրբազանները` խորանի չորս սյուները:
Հավարտ արարողության հայրական իր օրհնությունն ու պատգամը ներկաներին փոխանցեց Ամենայն Հայոց Հայրապետը: Նորին Սրբությունը, ընդգծելով Քրիստոսին աշխարհին պարգեւած Աստվածամոր կերպարի եւ Եկեղեցու առաքելության նմանությունը, մասնավորապես նշեց. «Սուրբ Աստվածածնի եկեղեցին, որ սրբալույս մյուռոնով այսօր վերաօծեցինք, պիտի կամրջվի Սուրբ Էջմիածնի ու աշխարհասփյուռ մեր եկեղեցիների հետ, ավիշ ու արյուն պիտի ներարկի ձեր կյանքում: Այն պիտի դառնա ձեր ապավինության վայրը, ուր պիտի կառուցեք ու նորոգեք ազգային-եկեղեցական ձեր կյանքը` խարսխված Ավետարանական սուրբ պատգամների, մեր սուրբ հայրերի ժառանգության ու հայրենական ավանդների վրա:
Սիրելի զավակներ Մեր, այս այցելության ընթացքին գոհունակությամբ ականատես դարձանք, թե որքան ջերմ է Ռոստովի մարզի հայության սերն ու նվիրումը հանդեպ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը եւ անկախ մեր Հայրենիքը, որ հաղթահարած բազմաթիվ փորձություններ ու տագնապներ, իր նոր կյանքն է կերտում: Փառք ենք վերառաքում առ Աստված, որ Դուք, ձեր հայրերի արժանի հետնորդներդ, շարունակում եք հավատարմորեն պահպանել ու զորացնել ազգային եւ եկեղեցական Ձեր կյանքը` արժանի գործերով նոր էջեր հավելելով համայնքային պատմությանը եւ մանավանդ փոխանցելով այդ ավանդները Ձեր զավակներին»: Վեհափառը հորդորեց հայորդիներին պահպանել իրենց ազգային ինքնությունն ու լեզուն, հաստատուն մնալ իրենց հավատքի մեջ եւ անխախտ` հայրենի մեր երկրի եւ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու հանդեպ իրենց հավատարմության մեջ:
Նորին Սրբությունը նաեւ իր գնահատանքը հայտնեց թեմակալ առաջնորդին եւ թեմի սպասավորներին` իրենց ժրաջան ու նվիրյալ ծառայության համար: Նորաօծ եկեղեցուն Վեհափառն ընծայեց Սուրբ Էջմիածնից բերված Սուրբ Հաղորդության սկիհ:
Հավարտ իր խոսքի Հայոց Հայրապետը բարերար հայորդիներ Ալբերտ Սամուրգաշեւին, Անդրեյ Նոր-Արեւյանին եւ Վլադիմիր Պոպովյանին` ի գնահատություն եկեղեցու վերանորոգմանը բերած իրենց օժանդակության, Հայրապետական սրբատառ կոնդակով շնորհեց Հայ Եկեղեցու` Սուրբ Ներսես Շնորհալի պատվո բարձր շքանշան:
Օծման արարողությունից հետո Վեհափառ Հայրապետն ուղեւորվեց Դոնի Ռոստով: