Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունեց «Հայոց լեզվի եւ գրականության» համահայկական օլիմպիադայի եւ հայագիտական գիտելիքների մրցույթի մասնակիցներին
Հուլիսի 13-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հայոց լեզվի եւ գրականության» համահայկական օլիմպիադայի եւ հայագիտական գիտելիքների մրցույթի մասնակիցներին:
Բացման խոսքով հանդես եկավ եւ մասնակիցներին Նորին Սրբությանը ներկայացրեց Մայր Աթոռի ՔԴԿ տնօրեն Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը: Անդրադառնալով օլիմպիադային եւ հայագիտական գիտելիքների մրցույթին` Հայր Սուրբը նշեց, որ նմանատիպ մրցույթների նպատակն է ոչ միայն ստուգել Ս. Սփյուռքի, Հայաստանի եւ Արցախի հայորդիների հայագիտական գիտելիքները, այլեւ կապել նրանց Հայրենիքի եւ մեր ազգային սրբությունների հետ:
Այնուհետեւ ներկաներին իր հայրական օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց Հայոց Հայրապետը: Նորին Սրբությունը մեկ անգամ եւս կարեւորեց մայրենի լեզվի եւ գրականության իմացության անհրաժեշտությունը յուրաքանչյուր հայի կյանքում եւ հորդորեց ներկաներին սիրել Հայրենիքն ու Հայոց Եկեղեցին եւ նախանձախնդիր լինել մեր ազգային արժեքների պահպանմանը: Այս ամենի մեջ Հայոց Հայրապետը կարեւորեց նաեւ Հայ Առաքելական Եկեղեցու դերակատարությունը, որը մեր ժողորվդի կյանքում եղել է հայ մարդու ինքնության, լինելիության եւ գոյության հիմնասյուներից մեկը:
Վերջում Հայոց Հայրապետը պատասխանեց ներկաների հարցերին: