Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունեց «Հայ միասնության խաչ» կազմակերպության անդամներին
Փետրվարի 15-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հայ միասնության խաչ» կազմակերպության ներկայացուցիչներին:
«Հայ միասնության խաչ» հասարակական կազմակերպության գործունեությունն ուղղված է քրիստոնեական արժեքների տարածմանը, մանուկների հոգեւոր դաստիարակությանը, նրանց շնորհների զարգացմանը տարբեր ոլորտներում, ինչպես նաեւ հաշմանդամ եւ ծնողազուրկ երեխաների խնամքին եւ հասարակության մեջ ինտեգրմանը: Կազմակերպության առաքելության իրագործմանը աջակցում է նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը` քաջալերելով ազօգուտ աշխատանքը եւ տրամադրելով գործունեության ընդլայնման համար անհրաժեշտ շենքային պայմաններ:
Հանդիպման ընթացքում կազմակերպության տնօրեն Գրիգոր Բաբախանյանը շնորհակալություն հայտնեց Նորին Սրբությանը «Հայ միասնության խաչ»-ին ցուցաբերվող ուշադրության համար, ապա ներկայացրեց վերջին շրջանի ձեռքբերումները` հայցելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը:
Նորին Սրբությանը ողջունեցին նաեւ մանուկները, ներկայացրեցին իրենց խմբակների գործունեությունը, հանդես եկան հոգեւոր երգերի կատարումներով, այնուհետեւ Գարեգին Բ Հայրապետին ընծայեցին իրենց ձեռքերով պատրաստված անվանական մի գորգ:
Վերջում կազմակերպության ղեկավարությանը եւ մանուկներին Հայրապետական իր օրհնությունն ու գնահատանքը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունն ուրախություն հայտնեց, որ տարեցտարի ընդլայնվում է կազմակերպության գործունեությունը եւ նորանոր մանուկներ են ընդգրկվում խմբակներում, կոչ արեց ավելի սերտ համագործակցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող Էջմիածնի հայորդյաց տան հետ: «Շատ կարեւոր է, որ ճիշտ դաստիարակություն եւ արժեքներ ջամբենք մեր մանուկներին, որպեսզի կյանքում կրողը լինեն ճշմարիտ այդ արժեքների եւ լինեն հավատարիմ զավակներ մեր ազգի ու արժանավոր քաղաքացիներ մեր Հայրենիքի», - նշեց Վեհափառ Հայրապետը` հորդորելով աշխատակազմին ամբողջական նվիրումով եւ սիրով շարունակել իրենց առաքելությունը: