Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունեց Համահայկական կրթական համաժողովի մասնակիցներին
Օգոստոսի 21-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Համահայկական կրթական երկրորդ համաժողովի մասնակիցներին:
«Այսօր կրկին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ենք` հաղորդ դառնալու եւ ապրելու այն հոգեղեն զգացումները, որ ապրում է Մայր Աթոռը: Համաժողովի մասնակիցները եկել են Մայր Աթոռ` ստանալու Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը, ապրելու Սուրբ Էջմիածնի խորհուրդը եւ իրենց հետ իրենց համայնքները տանելու Մաշտոցի ձեռքով օրհնված մայրենի լեզվի, հայագիտության խորհուրդը...»,-ասաց Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Ղուկաս աբեղա Զաքարյանը` հրավիրելով ՀՀ Կրթության եւ գիտության փոխնախարար Բագրատ Եսայանին` ներկայացնելու համաժողովի աշխատանքները:
Տիար Եսայանը հանգամանորեն անդրադարձավ համաժողովի աշխատանքներին, առաջադրված նպատակներին` մեծապես կարեւորելով Սփյուռքահայ ուսուչիների դերը հայապահպանության գործում: Փոխնախարարը մասնակիցների անունից նաեւ շնորհավորեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան 55-ամյա տարեդարձի կապակցությամբ եւ փոխանցեց ամենքի ջերմ բարեմաղթանքները:
Ապա օրհնության խոսքով ներկա ուսուցիչներին դիմեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը` փոխանցելով ամենքին իր գնահատանքը` ազգին, Հայրենիքին եւ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն մատուցած իրենց կարեւոր ծառայության համար: Նորին Սրբությունն ուրախություն հայտնեց, որ Հայաստանի եւ Սփյուռքի ուսուցիչներ, մեկտեղվելով Հայաստանի երկնքի ներքո, քննարկում են Սփյուռքում, կրթության ոլորտում առկա հիմնախնդիրները եւ լուծումներ փնտրում դրանց հաղթահարման, հայեցի դաստիարակության առավել արդյունավետ կազմակերպման համար:
Վեհափառ Հայրապետը կարեւոր նկատեց նաեւ եկեղեցու դերը հայեցի դաստիարակության եւ հայապահպանության ոլորտում` անդրադառնալով վերջին տարիներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության միջեւ առկա սերտ համագործակցությանը, հատկապես Սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագրին: «Կարեւոր ենք նկատում, որ մեր դպրոցները միշտ մեր Եկեղեցու օրհնության ներքո են գործում, աշակերտները սերտ մասնակցություն ունեն եկեղեցական կյանքին, ներկա են եկեղեցում: Այս կապը պետք է ամրապնդել, զորացնել, որովհետեւ այս երկուսի համադրմամբ պիտի կարողանանք արժանավոր, հավատավոր ու բարի զավակներ կրթել մեր ժողովրդի համար: ...Բարի զավակ կրթել` նշանակում է ապահովել հավերժությունը, հարատեւ ընթացքը մեր ժողովրդի եւ բարօրությունը Հայրենիքի»,-ասաց Նորին Սրբությունը` բարի արգասավորում մաղթելով համաժողովի կատարած աշխատանքներին: