Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունեց ՀՀ ԶՈՒ հոգեւոր սպասավորներին

Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունեց ՀՀ ԶՈՒ հոգեւոր սպասավորներին 15.02.2011

Փետրվարի 15-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ զինված ուժերում ծառայող 46 հոգեւոր սպասավորներին` գլխավորությամբ բանակի հոգեւոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի:

Հանդիպման ընթացքում Վրթանես Սրբազանը Հայոց Հայրապետին ներկայացրեց հոգեւոր ծառայության կողմից իրականացվող աշխատանքները եւ առկա մարտահրավերները: Տեղեկացվեց, որ առաջիկա տարի տոնախմբվելու է կառույցի հիմնադրման 15-ամյակը:

Այնուհետեւ ներկաներին իր պատգամը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Իր խոսքում Նորին Սրբությունն անդրադարձավ բանակում հոգեւորականների կարեւոր դերակատարությանը` ընդգծելով, որ եկեղեցականը պետք է մշտապես լինի հայ զինվորի կողքին, կերտի նրա հայրենասեր եւ քրիստոսասեր ոգին` նրա կյանքը շաղախելով քրիստոնեական մնայուն արժեքներով: «Ձեր ծառայությամբ է նաեւ մեծապես պայմանավորված բացառումը բանակում ցավալի երեւույթների ու միջադեպերի: Հոգեւոր ամրությունն է, որ պայմանավորում է անպարտելիությունը եւ հաղթանակները բանակի», - նշեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Նորին Սրբությունը կոչ արեց եկեղեցականներին պատասխանատվությամբ, նվիրումով, հավատքով եւ անձնական օրինակելի վարքով շարունակել իրենց առաքելությունը` ի բարօրրություն մեր ազգային բանակի: Վեհափառ Հայրապետը շեշտեց նաեւ, որ աստվածսիրությունն ու հայրենասիրությունը պիտի անբաժան լինեն Հայրենիքի պաշտպանից:

Այնուհետեւ հոգեւորականները ներկայացրեցին սպասավորության մեջ առկա դժվարությունները: Ի թիվս տարբեր խնդիրների, նրանք նաեւ առանձնակի կարեւորությամբ շեշտեցին, որ այսօրվա հեռուստատեսային հաղորդումները չեն նպաստում երիտասարդ սերնդի հայրենասիրական դաստիարակությանը:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին եւ հոգեւոր սպասավորներին` մաղթելով հաջողություններ եւ բարի արդյունքներ իրենց ծառայության մեջ: