Ամենայն Հայոց եւ Համայն Ռուսիո հովվապետերն այցելեցին Քանաքեռի Սուրբ Աստվածածին ռուսական եկեղեցի

Ամենայն Հայոց եւ Համայն Ռուսիո հովվապետերն այցելեցին Քանաքեռի Սուրբ Աստվածածին ռուսական եկեղեցի 18.03.2010

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլ Առաջինը մարտի 17-ի առավոտյան Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցից հետո այցելեցին Քանաքեռի Սուրբ Աստվածածնի ռուսական եկեղեցի:

Կիրիլ Պատրիարքի կարճատեւ աղոթքից հետո երկու հովվապետերը իրենց ողջույնի խոսքն ուղղեցին Ռուս եկեղեցու համայնքի ներկայացուցիչներին` իրենց օրհնությունը բաշխելով նրանց:

«20-րդ դարասկզբին Քանաքեռի բարձունքին կառուցված այս աղոթաբույր եկեղեցին տարիներ շարունակ հոգեւոր սնունդ է մատակարարում ինչպես ռուս հավատացելոց, այնպես էլ Ուղղափառ մյուս Եկեղեցների զավակներին: Խորհրդային աստվածամերժության տարիներին հալածանքներից անմասն չմնաց նաեւ Աստուծո այս տաճարը, եւ իր դռները վերստին բացեց հավատացելոց առջեւ միայն 1991 թվականից հետո: Մեր երկու եկեղեցիները եղբայրաբար ճաշակեցին խորհրդային իշխանությունների դառը հալածանքները, բայց եւ կարողացան հավատարիմ մնալով Երկնավոր Վարդապետի անվանը եւ լույս հավատքին, ըստ արժանվույն դիմակայել հալածանքներին եւ, ի վերջո, դուրս գալ հաղթանակած»,- ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` իր գնահատանքը հայտնելով Հայաստանում ապրող եղբայր ռուս ժողովրդի զավակներին: Անդրադառնալով Կիրիլ պատրիարքի այցի կարեւորությանը` Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ Համայն Ռուսիո Հովվապետի այցելությունը մեծապես պիտի ոգեւորի եւ գոտեպնդի հայաստանաբնակ իր հոտին, զորացնի իր հավատքի մեջ, եւ մղի նորանոր բարեարդյուն իրագործումների` հանուն մեր երկու ժողովուրդների բազմադարյան եղբայրության ամրապնդման եւ մեր Եկեղեցիների հարաբերությունների առավել սերտացման:

Այցի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը ռուսական եկեղեցուն նվիրեց սրբապատկեր:

Ռուսական Եկեղեցուց երկու հովվապետերը հոգեւոր դասի ուղեկցությամբ այցելեցին նաեւ Քանաքեռում գտնվող ՌԴ Պաշտպանության նախարարության թիվ 21 ռուսական դպրոց, հանդիպեցին տնօրինության հետ, ծանոթացան դպրոցի պայմաններին: Այնուհետեւ տեղի ունեցավ հանդիպում աշակերտների հետ, որի ընթացքում Հայրապետները իրենց օրհնությունը եւ հայրական խրատները բերեցին պատանիներին` կարեւորելով քրիստոնեական արժեքներով մարդկային նկարագրի կերտումը եւ պատգամելով հետեւողական լինել իրենց ուսման մեջ: