Ամենայն Հայոց եւ Համայն Ռուսիո հովվապետերն այցելեցին Ծիծեռնակաբերդ
Մարտի 17-ի առավոտյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլ Առաջինը երկու Եկեղեցիների հոգեւոր դասի ուղեկցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու բյուրավոր հայ նահատակների անմահ հիշատակին:
Հուշահամալիրում երկու հովվապետերը ծաղկեպսակներ զետեղեցին, ապա անմար կրակի մոտ Նորին Սրբության նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան արարողություն, որից հետո Կիրիլ Պատրիարքն աղոթեց Հայոց ցեղասպանության զոհերի հոգիների հանգստության համար:
Աղոթքից հետո Հայրապետներն այցելեցին Հայոց Ցեղասպանության ինստիտուտ-թանգարան, ուր թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ շրջեցին ցուցասրահներում: Այնուհետեւ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարքը գրառում կատարեց հյուրերի հուշամատյանում:
Վերջում Կիրիլ Պատրիարքը ծառատունկ կատարեց Հիշողության պուրակում: