Ամենայն Հայոց Հայրապետն ընդունեց ՀՀԵԵԿ-ի անդամներին

Ամենայն Հայոց Հայրապետն ընդունեց ՀՀԵԵԿ-ի անդամներին 15.07.2008

«Եկեղեցու ճանապարհն է մեր կյանքի ճանապարհը, Եկեղեցու ճանապարհն է մեր ազգի փրկության ճանապարհը»

Հուլիսի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Համազգային Հայ Եկեղեցասեր Երիտասարդաց Կազմակերպության պատգամավորների ուխտի Սուրբ Պատարագ:

Հավարտ Ս. Պատարագի ՀՀԵԵԿ պատգամավորներին Վեհարանի հանդիսությունների դահլիճում ընդունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Հանդիպման սկզբում Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը Հայոց Հայրապետին ներկայացրեց անցած օրերի ընթացքին ՀՀԵԵԿ-ի կատարած աշխատանքները` վստահություն հայտնելով, որ երիտասարդները նոր հանձնառությամբ եւ առավել նախանձախնդրությամբ, իբրեւ երիտասարդ դեսպաններ Ս. Էջմիածնի, պիտի վերադառնան իրենց համայնքները` ծառայելու ազգին եւ Եկեղեցուն:

Այնուհետեւ իր օրհնությունն ու պատգամը երիտասարդներին բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ընդգծելով, որ ՀՀԵԵԿ-ի անդամ լինելը պատիվ է եւ ծանր պատասխանատվություն: Հայոց Հայրապետը վստահություն հայտնեց, որ կազմակերպությունը տարեցտարի ավելի կզորանա եւ կընդարձակի իր շարքերը:

«.... Եկեղեցու օրհնության ներքո է մեր ազգը հարատեւել, եւ այդպես պիտի լինի այսուհետ եւս: Մեր ոգին կերտվել է Եկեղեցու կամարների ներքո: Սուրբ Ավազանից ենք ծնված` գիտակցական մեր կյանքով: Եվ մեր հոգին մեր Եկեղեցու գանձերով է սնվել: Ինչ որ ունենք, որպես արժեք մտքի եւ հոգու, որպես ստեղծագործ մեր կարողության վաստակ, կրում է մեր քրիստոնեական հավատքի դրոշմը` թրծված մեր հոգուց ծնվող աղոթքներով, առ Աստված ունեցած մեր սիրով ու հավատքով»,- ասաց Նորին Սրբությունը` հորդորելով երիտասարդներին աստվածսիրությամբ, անսասան հավատով իրենց ծառայությունը բերել հայոց ազգին` փարված մնալով Եկեղեցուն եւ լծակից լինելով հոգեւորականներին` Հայ Եկեղեցու առաքելության իրականացման մեջ:

Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց Հովնան Սրբազանին, ՀՀԵԵԿ-ի ժողովի կազմակերպիչ երիտասարդներին ու մասնակիցներին` նախանձախնդիր աշխատանքի համար:

Նույն օրը ՀՀԵԵԿ պատգամավորները,հրաժեշտ տալով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Վեհափառ Հայրապետի օրհնությամբ մեկնեցին իրենց թեմերը:

* * *

Հուլիս 14-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ՀՀԵԵԿ-ի Կենտրոնական խորհուրդը գումարեց իր անդրանիկ ժողովը` նախագահությամբ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի, որով նախանշվեցին ՀՀԵԵԿ-ի առաջիկա ծրագրերը: Ժողովի ընթացքին կազմակերպության ատենապետ ընտրվեց Կարեն Պետրոսյանը:

Նույն օրը Կենտրոնական խորհրդի անդամներին ընդունեց եւ իր օրհնությունը փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: