Ամենայն Հայոց Հայրապետը ցավակցական գիր է հղել Աղասի Այվազյանի մահվան կապակցությամբ
Նոյեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը անվանի արձակագիր, կինոսցենարիստ եւ կինոռեժիսոր Աղասի Այվազյանի մահվան կապակցությամբ ցավակցական գիր է հղել հանգուցյալի ընտանիքի անդամներին ու բոլոր մերձավորներին: Ցավակցագրում ասված է.
«Սրտի խոր ցավով տեղեկացանք մեր ժողովրդի արժանավոր զավակ եւ հայ գրականության երախտավոր, արձակագիր Աղասի Այվազյանի մահվան մասին: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մեր անկեղծ ցավակցությունն ենք բերում հանգուցյալի ընտանիքի անդամներին, բոլոր հարազատներին, արվեստագետ ընկերներին ու մերձավորներին:
Հոգելույս Աղասի Այվազյանը աստուածատուր իր շնորհով ստեղծեց մեծարժեք գործեր, որոնք հարստացնում են հայ գրականության լուսավոր անդաստանը: Մեծ ճանաչում ունեն եւ սիրված են նաեւ նրա սցենարներով նկարահանված կինոնկարները` լինելով հայ կինոարվեստի լավագույն ձեռքբերումներ: Հայ մշակույթին բերած իր ավանդով հանգուցյալը բարի հիշատակ է թողնում մեր ժողովրդի հոգում` ի Տեր ննջելով արժանավոր գործերի հարուստ վաստակով:
Լուսահոգի Աղասի Այվազյանի բեղմնավոր գործունեությունը եւ ծառայությունները մեր ժողովրդին ու Հայրենիքին գնահատված են նաեւ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու բարձր պարգեւով` Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ պատվո շքանշանով:
Ի խորոց սրտի Մեր աղոթքն է, որ Բարին Աստված Իր առատ ողորմությամբ գթա հավատավոր Իր ծառային` նորոգ հանգուցյալ Աղասի Այվազյանին եւ խաղաղության մեջ ընդունի նրա լույս հոգին` արժանացնելով երանական հանգստյան:
Թող Երկնավոր Տերը Սուրբ Հոգու շնորհով սփոփանք ու մխիթարություն պարգեւի Այվազյան ընտանիքի սգակիր անդամներին, բոլոր հարազատներին ու բարեկամներին»: