Ամենայն Հայոց Հայրապետը կատարեց Սեւան քաղաքի նորակառույց եկեղեցու հիմնօրհնեքի արարողությունը

Ամենայն Հայոց Հայրապետը կատարեց Սեւան քաղաքի նորակառույց եկեղեցու հիմնօրհնեքի արարողությունը 13.10.2009

Հոկտեմբերի 11-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ առընթերակայությամբ Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանի եւ Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի, մասնակցությամբ Մայր Աթոռի միաբանների եւ թեմի հոգեւորականաց դասի, կատարվեց Սեւան քաղաքի նորակառույց եկեղեցու հիմքերի օրհնության արարողությունը, որին ներկա էին մարզային եւ տեղական իշխանությունների ներկայացուցիչներ եւ հարյուրավոր հավատավոր սեւանցիներ: Եկեղեցու բարերարներն են ֆրանսաբնակ Սարգիս Պետոյանը եւ Ալեն Մանուկյանը: Եկեղեցու ճարտարապետն է Արտակ Ղուլյանը:

Ամենայն Հայոց Հայրապետի ժամանումից եւ տարածքում կարճատեւ շրջայցից հետո սկսվեց հիմնօրհնեքի արարողությունը հոգեզմայլ շարականների եւ սաղմոսների երգեցողության ներքո: Ըստ Հայ Եկեղեցու հնավանդ ծիսակարգի` նախ ջրով, ապա գինով լվացվեցին եկեղեցու հիմքերում զետեղվելիք 16 քարերը 12 առաքյալների, 4 ավետարանիչների եւ Ս. Գրիգոր Լուսավորչի անուններով, որից հետո Վեհափառ Հայրապետն ու նրան առընթերակա եպիսկոպոսները Ս. Մյուռոնով օծեցին եկեղեցու հիմքերի քարերը:

Սրբազան արարողությունից հետո իր սրտի խոսքն ասաց եկեղեցու բարերար Սարգիս Պետոյանը: Նա շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին մեծ պատվի արժանացնելու համար` հույս հայտնելով, որ նորակառույց եկեղեցին պիտի խթանի սեւանցիների հոգեւոր կյանքը եւ օրհնություն բերի նրանց ընտանիքներին: Բարերարից հետո խոսեց նաեւ Սեւանի քաղաքապետ Գեւորգ Մալխասյանը` իր ուրախությունը հայտնելով, որ վերջապես Սեւան քաղաքը կունենա իր աղոթատունը, ուր հայ մարդն իր աղոթքը կվերառաքի առ Աստված:

Վերջում ներկաներին իր օրհնությունն ու գնահատանքը հայտնեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Դիմելով հավաքված հարյուրավոր բարեպաշտ սեւանցիներին` Հայոց Հայրապետը նշեց, որ Աստծո ողորմածությամբ հաջորդ տարի հավատավոր սեւանցիները եւս կունենան իրենց սրբազան աղոթատեղին, ուր աղոթք բարձրացնեն առ Աստված` հավատարիմ նախնյաց սրբազան հավատքին: Նորին Սրբությունը հորդորեց սեւանցիներին իրենց հայրերի նման հավատարիմ լինել Հայոց Եկեղեցուն, որպեսզի որեւէ թշնամի չկարողանա ներթափանցել նրանց հոգեւոր կյանքից ներս եւ շեղել ճշմարիտ, ուղղափառ հավատքից: Վեհափառ Հայրապետը նաեւ իր գնահատանքը հայտնեց եկեղեցու բարերարներ Սարգիս Պետոյանին եւ Ալեն Մանուկյանին, ինչպես նաեւ մարզային ու տեղական իշխանությունների ներկայացուցիչներին` ցուցաբերած աջակցության ու նախանձախնդիր վերաբերմունքի համար: