Ամենայն Հայոց Կաթողիկոսն օծեց Մայր Աթոռի Ս. Վարդան եւ Ս. Հովհաննես Մկրտիչ մատուռ-մկրտարանը
Սեպտեմբերի 26-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ տեղի ունեցավ նորակառույց Ս. Վարդան եւ Ս. Հովհաննես Մկրտիչ մատուռ-մկրտարանի օծման արարողությունը: Մատուռ-մկրտարանը կառուցվել է լոնդոնաբնակ բարերար Արմեն Սարգսյանի հովանավորությամբ, ճարտարապետն է Ջիմ Թորոսյանը:
Վեհափառ Հայրապետը Մայր Աթոռի միաբանների, Ս. Էջմիածին ժամանած ազգային բարերարների եւ քույր եկեղեցիների ներկայացուցիչների հետ «Հրաշափառի» ներքո հանդիսավոր թափորով մուտք գործեց նորակառույց մատուռ-մկրտարան: Հոգեպարար շարականների եւ սաղմոսների երգեցողության ներքո Նորին Սրբությունը կատարեց մատուռ-մկրտարանի օծման արարողությունը: Վեհափառ Հայրապետը Սրբալույս Մյուռոնով օծեց նորակառույց մկրտարանի Ս. Սեղանը, չորս ավետարանիչների անունները կրող խորանի սյուները եւ Սուրբ Ավազանները: Օծման արարողությունից հետո Վեհափառ Հայրապետն իր ուրախությունը հայտնեց նոր մկրատարանի օծման առիթով` հույս հայտնելով, որ նրա Սուրբ Ավազաններում բազում հայորդիներ պիտի մկրտվեն` դառնալով մեր Եկեղեցու եւ մեր Հայրենիքի արժանավոր զավակները:
«Մայր Տաճարում աղոթական կյանքի պահանջներից թելադրված` ժամանակին մկրտարանը հաստատվեց Ղազարապատ շենքի մի հատվածում, քանզի Խորհրդային շրջանում հնարավոր չէր նոր մկրտարան կառուցել: Ուրախության առանձնակի զգացումով են համակված այսօր մեր հոգիները եւ մենք փառք ենք մատուցում Բարձրյալին, որ նոր աղոթատուն է հառնել Մայր Տաճարի հայացքի ներքո, հովանու ներքո Միածնաէջ մեր սրբօրրանի, որն առավել պայծառություն է հաղորդում պատմական եւ նվիրական մեր Մայրավանքին, պայծառությունը` մեր ազատ կյանքի, մեր վերականգնված պետականության:
Նորաշուք, վարդաքար մկրտարանը մեր աղոթքներն է բարձրացնելու երկինք Սուրբ Վարդան Զորավարի եւ Սուրբ Հովհաննես Մկրտչի բարեխոսությամբ, ովքեր եղան մեր Տիրոջ փառքի վկաները, երանելի սրբերը, չարի դեմ հաղթանակով պատրաստեցին Տիրոջ ճանապարհները, որպեսզի աշխարհում Աստծո օրհնությամբ ծնունդ առնեն բարի պտուղներ: Սուրբ Հովհաննես Մկրտչի եւ Սուրբ Վարդանի պաշտելի մասունքները` ամփոփված մեր հայրենի հողում, սրբացնում են մեր երկիրը եւ նրանց վրա կառուցված եկեղեցիները դարեր շարունակ օրհնում մեր կյանքը: Արդարեւ, կառուցվող ամեն աղոթատան հետ Աստված ավելի է մոտենում մեր ժողովրդին, եւ երկնային օրհնությունը առավել առատանում մեր կյանքում»,- նշեց Նորին Սրբությունն իր խոսքում:
Հայոց Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց մկրտարանի բարերար Արմեն Սարգսյանին, եւ ի գնահատություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին բերած իր եկեղեցաշեն ծառայությունների, նրան շնորհեց Հայ Առաքելական Եկեղեցու «Ս. Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձր շքանշանը` մաղթելով, որ Տերը երկար ու երջանիկ օրեր եւ ամենայն հաջողություններ պարգեւի բարերարին եւ նրա ընտանիքին:
Մատուռի օծման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Սահմանադրական Դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության անդամներ, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, մշակույթի եւ գիտության մշակներ, ազգային բարերարներ եւ բազմաթիվ ուխտավոր հայորդիներ:
Արարողության ավարտին Վեհարանի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն: