Ամենայն Հայոց Կաթողիկոսն օծեց Թբիլիսիի Ս. Էջմիածին եկեղեցին
Վրաստան հովվապետական այցի ընթացքում, հունիսի 12-ին, Հոգեգալստյան տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շքախմբի ուղեկցությամբ մեկնեց Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցի, որտեղ Վեհափառ Հայրապետին դիմավորեցին թեմի հոգեւոր դասը եւ Թբիլիսիի հայ համայնքի հազարավոր ներկայացուցիչներ:
Մինչ եկեղեցու վերաօծման արարողությունը Նորին Սրբության նախագահությամբ կատարվեց Եկեղեցու հարեւանությամբ կառուցված ՙՀայարտուն՚ կենտրոնի բացումը: Հովհաննես Թումանյանի կողմից 1921 թվականին հիմնադրված նշանավոր ՙՀայարտուն՚ կենտրոնը 1940-ականներին դադարել էր գործելուց: Սակայն 2011 թվականին Վիրահայոց թեմը հիմնադրում է համանուն կենտրոն` բարերարությամբ ռուսաստանաբնակ գործարար Բորիս Սահակովի եւ աջակցությամբ վրացահայ գործարարների:
Կենտրոնի մուտքի ժապավենը հատեցին տիար Բորիս Սահակովը եւ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, այնուհետեւ այս առիթով իր ուրախությունը հայտնեց Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն Սրբազանը` շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանը Հայրապետական օրհնության եւ թեմի նկատմամբ ցուցաբերվող մշտական հոգատարության եւ ուշադրության համար: Բացման առիթով Թբիլիսիի հայ համայնքին շնորհավորեցին արարողությանը ներկա Թբիլիսիի քաղաքապետ Գեորգի Ուգուլավան եւ Երեւանի քաղաքապետը: Իր սրտի խոսքն ասաց նաեւ կենտրոնի բարերարը` շնորհավորելով ամենքին կարեւոր այս ձեռնարկի առիթով: Վերջում ներկաներին իր օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունը, շնորհավորելով հայ համայնքին կենտրոնի բացման առիթով, մաղթեց, որպեսզի այն դառնա հայաշունչ մշակութային, ազգային, հոգեւոր մի նոր օջախ` պահպանելով պատմական ՙՀայարտուն՚ կենտրոնի բարի ավանդները: Վեհափառ Հայրապետը, կենտրոնի հիմնումը նոր վկայություն նկատելով ազգային կյանքի վերազարթոնքի, հորդորեց վիրահայերին իրենց զավակներին առաջնորդել այդ կենտրոն եւ անաղարտ պահել ու պահպանել իրենց ավադույթները, լեզուն ու հարուստ մշակույթը:
Այնուհետեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր օրհնությունը բաշխելով բարեպաշտ ժողովրդին, ՙՀրաշափառի՚ ներքո մուտք գործեց Սուրբ Էջմիածին եկեղեցի, ուր հանդիսապետեց վերանորոգված տաճարի վերաօծման արարողությունը:
Թբիլիսիի Սուրբ Էջմիածին (Էջմիածնեցոց Սուրբ Գեւորգ) եկեղեցին կառուցվել է 1805թ. հայ հասարակության ծախսերով: Հիմնադրումից ի վեր այն բազմիցս վերակառուցվել եւ նորոգվել է: Փլուզման ենթակա եկեղեցին վերջին անգամ հիմնանորոգվեց 2006-2010թթ. Մայր Աթոռ Ս. Էջմիածնի եւ ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմի բարեպաշտ հայորդիների աջակցությամբ:
Օծման արարողությունից հետո Նորին Սրբությունը Հայ Եկեղեցու ՙՍ. Գրիգոր Լուսավորիչ՚ բարձրագույն շքանշանով պարգեւատրեց ՙՀայարտուն՚ կենտրոնի բարերար Բորիս Սահակովին` գնահատելով նրա եկեղեցասեր եւ ազգանվեր գործունեությունը:
Այնուհետեւ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամը հղեց արարողությանը ներկա վիրահայությանը: Գոհություն հայտնելով Աստծուն Վրաստանում հովվապետական այցելությամբ լինելու բերկրալի առիթի համար` Նորին Սրբությունն անդրադարձավ վիրահայության կյանքում նորաօծ տաճարի կարեւորությանը. ՙՀոգենորոգ այս պահին մեր մտածումները վերստին ուղղվում են դեպի մեզ բոլորիս հարազատ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որտեղից շողում է Հայաստանը դեպի Աստված դարձրած լույսը, եւ սկիզբ են առնում մեր ժողովրդի հավատքը, քրիստոնեական կյանքի ուղին եւ սրբազան արժեքները: Այս արժեքներով սնված եւ էջմիածնադրոշմ հավատքով զորացած հավատավոր մեր հայրերը երկու դար առաջ կառուցեցին այս գեղեցիկ եկեղեցին եւ անվանեցին Սուրբ Էջմիածին, համոզումով, որ Սուրբ Էջմիածնի աստվածային անսպառելի լույսն է բաշխվում նվիրական այս աղոթավայրում:
Երկու դար Սուրբ Էջմիածինը` գտնվելով հայաշատ Հավլաբար թաղամասում, իր խնկաբույր կամարների ներքո է համախմբել Վիրահայոց թեմի հավատավոր հայորդիներին, ովքեր աղոթքը իրենց շուրթերին եւ հայրենական հիշատակներն իրենց հոգիներում` վրաց հողի վրա ապրել են խաղաղ ու ստեղծագործ ընթացքով եւ կազմակերպել ու խնամել իրենց համայնքային կյանքը: Ահավասիկ, Մեր հայրերի արդար աղոթքով ու քրտինքով շաղախված եկեղեցու օրհնությունը մեզ ուժ է տալիս եւ զորացնում մեզ մեր հավատքի մեջ` ջանք ու նվիրում բերելու եւ շեն ու պայծառ պահելու եկեղեցական եւ ազգային կյանքը, վերականգնելու խոնարհյալ մեր սրբավայրերը՚: Այնուհետեւ Վեհափառ Հայրապետը հորդորեց ներկա ժողովրդին ապրել հավատքով եւ զորանալ Ս. Հոգու շնորհներով, միասնաբար պայծառացնել հոգեւոր եւ ազգային կյանքը, խնամել ու պահպանել հայոց լեզուն, մշակույթն ու հայրենական արժեքները: ՙՁեր եւ մեր բոլոր զավակների հոգեւոր ուժով, քրիստոնեկան ճանաչողությամբ, ավետարանական պատգամներին հավատարմությամբ միշտ հաստատուն ու պայծառ պիտի լինի Մեր Եկեղեցին՚, - ասաց Նորին Սրբությունը` նաեւ պատգամելով վիրահայ համայնքին նվիրումով ու նախանձախնդրությամբ ջանքեր ներդնել հանուն Վիրահայոց դարավոր թեմի նոր զարթոնքի:
Այս առիթով, ի գնահատություն թեմակալ առաջնորդի նվիրյալ ու ժրաջան ծառայության, Նորին Սրբությունը Վազգեն եպիսկոպոսին շնորհեց եպիսկոպոսական պանակե: Իր խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաեւ իր գնահատանքը հայտնեց եկեղեցու նորոգության գործին մեծ աջակցություն բերած ԱՄՆ Արեւմտյան թեմի բարեպաշտ հայորդիներին, իսկ նորաօծ Ս. Էջմիածին եկեղեցուն Նորին Սրբությունը նվիրեց ս. Հաղորդության սկիհ:
Այնուհետեւ մատուցվեց հայրապետական Ս. Պատարագ, որից հետո, ի պատիվ Ամենայն Հայոց Հայրապետի, առաջնորդարանի, ՙՀայարտուն՚ կենտրոնի հովանավորների եւ հայ համայնքի կողմից տրվեց պաշտոնական ճաշ, որին մասնակցում էին Վրաց Եկեղեցու ներկայացուցիչներ, տարբեր կրոնական համայնքների առաջնորդներ, Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո Քարթլիի պետական եւ կրթական կառույցների ներկայացուցիչներ, բազում հայորդիներ: Ճաշկերույթն ամփոփվեց Վեհափառ Հայրապետի օրհնության խոսքով: Հովվապետական այցի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը օրհնության գրեր շնորհեց մշակույթի անվանի գործիչներ Գիվի Շահնազարին եւ Անահիտ Բոստանջյանին, ինչպես նաեւ գործարարներ Սամվել Աղեկյանին, Ռաֆիկ Աղաջանյանին, Արամ Սիմոնյանին եւ Նելսոն Պետրոսյանին: Ամենայն Հայոց Հայրապետի մասնավոր գնահատանքի արժանացան նաեւ եկեղեցու շինարարներ Անատոլի Սոլոմոնաշվիլին եւ Զուրա Գաչեչիլաձեն: