Ամենայն Հայոց Կաթողիկոսն օծեց Բառնաուլի նորակառույց Սուրբ Հռիփսիմե հայկական եկեղեցին
Հոկտեմբերի 18-ին Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի եւ թեմական խորհրդի հրավերով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմ, Բառնաուլ քաղաք` կատարելու նորակառույց Ս. Հռիփսիմե հայկական եկեղեցու օծումը: Վեհափառ Հայրապետին ուղեկցում էին Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը, Կոտայքի թեմի առաջնորդ Տ. Առաքել եպիսկոպոս Քարամյանը, Երեւանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր տեսուչ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Գեղարքունիքի թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Տ. Հովնան աբեղա Հակոբյանը` իբրեւ գավազանակիր, Մայր Աթոռի միաբաններ Տ. Մուշեղ աբեղա Բաբայանը, Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը եւ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանը:
Բառնաուլի օդանավակայանում Հայոց Հայրապետին եւ նրա գլխավորած պատվիրակությանն ավանդական աղ ու հացով դիմավորեցին տեղի իշխանության ներկայացուցիչները` գլխավորությամբ Բառնաուլի քաղաքապետ Վլադիմիր Կալգանովի, Ալթայի երկրամասի փոխնահանգապետ Բորիս Լարինի, հայ համայնքի ներկայացուցիչների եւ հայոց թեմի հոգեւորականների:
Հոկտեմբերի 19-ի առավոտյան Ամենայն Հայոց Հայրապետը հանդիպումներ ունեցավ Ալթայի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Կարլինի եւ Բառնաուլի քաղաքապետ Վլադիմիր Կուլգանովի հետ, որոնց ընթացքում Նորին Սրբությունն ի դեմս նրանց իր շնորհակալությունը եւ գնահատանքը հայտնեց ՌԴ իշխանություններին` Հայ Առաքելական Եկեղեցու եւ հայ համայնքի հանդեպ ցուցաբերվող հարգանքի եւ հոգատար վերաբերմունքի համար: Անդրադարձ կատարվեց նաեւ երկրամասի եւ քաղաքի խնդիրներին, հասարակական, կրթա-գիտական եւ մշակութայինկյանքին:
Նույն օրը` կեսօրին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ տեղի ունեցավ նորակառույց Ս. Հռիփսիմե հայկական եկեղեցու օծման արարողությունը: Եկեղեցին կառուցվել է Մխիթար եւ Յուրա Արոյան եղբայրների հովանավորությամբ, որի ճարտարապետն է Հակոբ Բաբախանյանը: Դեռեւս 2001 թ. Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի ձեռամբ կատարվել էր եկեղեցու հիմնարկեքի արարողությունը, իսկ 2006 թ. նոյեմբերին` եկեղեցու խաչերի օծումը: Բառնաուլում եւ մերձակա շրջաններում այսօր բնակվում է շուրջ 30 000 հայ:
Եկեղեցու առջեւ Նորին Սրբությանը մեծ խանդավառությամբ դիմավորեցին հայ համայնքի բազմահազար հայորդիներ` գլխավորությամբ Նոր Նախիջեւանի եւ Ռուաստանի հայոց թեմի թեմական խորհրդի ատենապետ տիար Արթուր Չիլինգարովի, ինչպես նաեւ Բառնաուլի քաղաքապետը, մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, Ռուս Ուղղափառ Եկեղեցու Բառնաուլի եւ Ալթայի եպիսկոպոս Մաքսիմը, Ռուսաստանի հայերի միության ներկայացուցիչներ: Եկեղեցու օծման արարողության համար Բառնաուլ էին ժամանել նաեւ հայորդիներ Մոսկվայի, Տոմսկի, Նովոկուզնեցկի եւ Կեմերովոյի համայնքներից:
Հընթացս սրբազան արարողության սաղմոսերգության ներքո ջրով եւ գինով լվացվեցին Սուրբ Սեղանը, օծվելիք սյուները եւ մկրտության ավազանը: Այնուհետեւ սարկավագների երգեցողության ներքո Հայոց Հայրապետը Սրբալույս Մյուռոնով օծեց եկեղեցու Սուրբ Սեղանը եւ չորս ավետարանիչների անունով խորանի սյուները: Ապա Եզրաս եպիսկոպոսի ձեռամբ օծվեց մկրտության սուրբ ավազանը, Առաքել, Անուշավան եւ Մարկոս եպիսկոպոսները կատարեցին օծումը եկեղեցու մնացյալ տասը սյուների:
Օծման արարողության ավարտին Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանն ընթերցեց Ամենայն Հայոց Հայրապետի Սրբատառ Կոնդակները, որով Ս. Հռիփսիմե եկեղեցու բարերարներին շնորհվեցին Հայ Եկեղեցու «Ս. Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձր շքանշաններ:
Շքանշանների հանձնումից հետո Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդն անդրադարձավ եկեղեցու կառուցման աշխատանքներին եւ հայ համայնքի գործունեությանը` ընդգծելով, որ Մայր Հայրենիքից հեռու էլ` Բառնաուլում եւ նրա շրջակայքում բնակվող հայերն ապրում են Հայրենիքի եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանդեպ անսահման սերն ու նվիրումն իրենց սրտերում եւ հոգիներում: Եզրաս Սրբազանը շնորհակալություն հայտնեց նաեւ Նորին Սրբությանը, որ անսալով իր զավակների խնդրանքին, այսօր Ս. Էջմիածնից Բառնաուլ է եկել` Հայրապետական Ս. Աջով կատարելու օծումը նորակառույց եկեղեցու: Ապա Սրբազան Հայրը հրավիրեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին` իր օրհնությունը բերելու ներկա բարեպաշտ ժողովրդին:
Նորին Սրբությունը Հայրապետական իր օրհնությունը բերեց Բառնաուլի հայությանը եւ շնորհավորեց նոր աղոթատան առիթով` հույս հայտնելով, որ այն առավել օրհնությամբ պիտի լցնի հայկական ընտանիքները` համախմբելով նրանց Հայ Եկեղեցու շուրջ: Հայոց Հայրապետը եւս մեկ անգամ իր գնահատանքը փոխանցեց տեղի իշխանություններին` հայ համայնքի հանդեպ ցուցաբերած բարյացկամ վերաբերմունքի եւ նորակառույց եկեղեցու աշխատանքներին աջակցելու համար, եկեղեցու բարերարներին եւ ճարտարապետին: Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց նաեւ թեմակալ առաջնորդին եւ թեմի հոգեւորականներին` նախանձախնդիր եւ նվիրյալ աշխատանքի համար:
«Այս եկեղեցին եւ այս օրը Աստուծո շնորհն է մեզ, որովհետեւ մենք եղանք Աստուծո հավատարիմ ժողովուրդ: Ուր էլ կյանքը եւ կյանքի պայմանները առաջնորդեցին մեզ, մենք չմոռացանք Աստծուն, հավատարիմ պահեցինք մեր ուխտը Աստուծո հետ եւ մեր օջախի հետ կառուցեցինք մեր եկեղեցին, որովհետեւ գիտեինք, որ մեր կյանքի հարատեւությունը պայմանավորված է Տիրոջ հանդեպ հավատարմությամբ, Տիրոջ հանդեպ սիրով: Այսպես 1700-տարիներ շարունակ ապրել է մեր ժողովուրդ, այսպես գոյատեւել է մեր ժողովուրդը:
Մենք փառք ենք տալիս Աստծուն, որ մեր ժողովրդի զավակները ամուր ունեն իրենց հոգում մեր Տիրոջ հավատքը, ամուր ապառաժի պես, որի վրա եւ հաստատվում է Քրիստոսի Սուրբ Եկեղեցին: Արդարեւ, սիրելի բարեպաշտ զավակներ մեր, այս եկեղեցին ձեր զորեղ հավատքի մարմնավորումն է: Եթե չլիներ այս հզոր հավատքը ձեր մեջ, այս հզոր հավատքը մեր բարերար զավակների հոգու մեջ, երբեք մենք չպիտի տեսնեինք կառուցված այս սուրբ եկեղեցին` հեռավոր Բառնաուլ քաղաքում»,- նշեց Նորին Սրբությունն իր խոսքում:
Վերջում Վեհափառ Հայրապետը նորակառույց եկեղեցուն նվիրեց նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերված Սուրբ Սկիհ, որից պիտի այսուհետ հայ հավատացյալներին բաշխվի Տիրոջ կենդանարար մարմինն ու արյունը:
Այնուհետեւ Հայոց Հայրապետը եկեղեցու բակում նաեւ մշտադալար եղեւնի տնկեց, հավաքված ժողովրդին բաշխեց իր օրհնությունը եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերված խաչիկներ:
Երեկոյան, Բառնաուլի կյանքում տեղի ունեցած կարեւոր այս իրադարձության առիթով, տեղի ունեցավ համերգ, որին մասնակցում էին տեղի եւ Հայաստանից ժամանած ստեղծագործական խմբեր:
Հոկտեմբերի 20-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր շքախմբով վերադարձավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Մայր Տաճարի զանգերի ավետաբեր ղողանջների ներքո Մայր Աթոռի միաբանությունը դիմավորեց Նորին Սրբությանը: Մայր Տաճարում, Իջման Սուրբ Սեղանի առջեւ, կատավեց գոհաբանական աղոթք, որից հետո Նորին Սրբությունը միաբաններին ներկայացրեց Հովվապետական այցի մանրամասները եւ իր տպավորությունները: