Ամենայն Հայոց Կաթողիկոսն օծեց Արմաղանի Ս. Հարություն մատուռը
Հուլիսի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Գեղարքունիքի մարզի Արմաղանի Ս. Հարություն մատուռը, որի բարերարն է տաշքենդաբնակ Ռադիկ Մխիթարյանը: Այն կառուցվել է Ռաֆիկ Հերգընյանի նախագծով:
Սրբազան արարողության ավարտին Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքը հայտնեց մատրան բարերարին եւ կառուցմանը նպաստած բոլոր մարդկանց: Հայոց Հայրապետն ուրախությամբ արձանագրեց, որ մատուռն օծվում է Տիրոջ Ս. Պայծառակերպության տոնի նախաշեմին` հույս հայտնելով, որ այն պիտի դառնա մի Թաբոր լեռ, որից պիտի Տիրոջ լույսը եւ օրհնությունը ճառագի մարդկանց սրտերից եւ հոգիներից ներս:
Այնուհետեւ Հայոց Հայրապետը, ընդառաջելով Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի խնդրանքին եւ բարձր գնահատելով Ռադիկ Մխիթարյանի ծառայություններն ու վաստակը, նրա կուրծքը զարդարեց Հայոց Եկեղեցու «Ս. Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանով:
Մատրան օծմանը ներկա էին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Գեւորգյան Հոգեւոր ճեմարանի տեսուչ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ, մարզային եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ: