Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու ՀՀ առաջին տիկինն այցելեցին «Նագգաշյան մանուկների տուն»
Մայիսի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հայաստանի Հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Նագգաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոն` ուղեկցությամբ ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի, Մայր Աթոռի վանական խորհրդի նախագահ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի:
Հայ Եկեղեցու ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի հայկական բարեգործական «Մեր Հույս» կազմակերպության և անհատ բարերարների աջակցությամբ գործող կենտրոնում այժմ ապրում են սոցիալապես անապահով ընտանիքների 13-16 տարեկան 15 պատանիներ, ովքեր ստանում են մասնագիտական կողմնորոշում ու սոցիալական աջակցություն:
Այցի ընթացքում Վեհափառ Հայրապետը և Հայաստանի առաջին տիկինը, ուղեկցությամբ կենտրոնի տնօրեն Միհրան Միրիջանյանի, շրջեցին կենտրոնում, ծանոթացան երեխաների համար ստեղծված պայմաններին:
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը և տիկին Ռիտա Սարգսյանը հանդիպեցին կենտրոնի փոքրիկ բնակիչների հետ, ովքեր ներկայացրեցին իրենց առօրյան և ծրագրերը: Մտերմիկ զրույցից հետո պատանիները հանդես եկան գեղարվեստական ծրագրով` կատարելով ազգային ու հոգևոր երգեր և ասմունքելով իրենց հեղինակած բանաստեղծությունները:
Շնորհակալություն հայտնելով ՀՀ առաջին տիկնոջը «Նագգաշյան մանուկների տուն» այցելելու համար` Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ սպասված հանդիպումը մեծ ուրախություն պատճառեց երեխաներին և իրենց հանդեպ տիկին Սարգսյանի դրսևորած սերն ու հոգատարությունը մշտապես պիտի կրեն իրենց սրտում:
Վերջում տիկին Ռիտա Սարգսյանը կենտրոնի 15 սաներին հանձնեց նվերներ, առանձնաբար ծանոթացավ յուրաքանչյուրի հետ:
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հայաստանի առաջին տիկինն այցելեցին կենտրոնի հարևանությամբ գտնվող Արաբկիրի հայորդյաց տուն, որտեղ հայորդյաց տների հոգևոր տեսուչ Տ. Կոմիտաս վարդապետ Հովնանյանը ներկայացրեց Մայր Աթոռի և ՀԲԸՄ հովանու ներքո գործող հայորդյաց տների գործունեությունը: Հայորդյաց տան սաները Նորին Սրբությանը և տիկին Ռիտա Սարգսյանին ողջունեցին ազգային պարերի կատարումներով: