Ամենայն Հայոց Կաթողիկոսն հանդիպեց ԱՄՆ Հովնանյան դպրոցի սաների հետ
Ապրիլի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Նյու Ջերզի նահանգի Հովնանյան միջնակարգ դպրոցի ավարտական լսարանի տասներեք սաներին: Հովնանյան դպրոցում արդեն ավանդություն է դարձել շրջանավարտների ամենամյա այցի կազմակերպումը Հայաստան եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
Նորին Սրբությունը Հայրական իր օրհնությունն ու պատգամը փոխանցեց երիտասարդներին` հորդորելով մշտապես այցելել Մայր Հայրենիք: Վեհափառ Հայրապետը խորհրդանշական նկատեց դպրոցի սաների այցը Մայր Աթոռ Ավագ Շաբաթվա ընթացքին, անդրադարձավ աղոթքի կարեւորությանը հոգեւոր կյանքում: Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը քաջալերեց երիտասարդներին ուխտագնացության ընթացքում հայոց տարբեր սրբավայրեր այցելելիս իրենց աղոթքը միախառնել նախնյաց աղոթքներին: