Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց սփյուռքահայ ուսուցիչների
Հուլիսի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ Սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոցի Սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման և Հայոց լեզվի արագացված ուսուցման դասընթացների մասնակիցներին:
Հանդիպման սկզբում ՀՀ Սփյուռքի նախարարության Համահայկական ծրագրերի վարչության պետ տիար Արմեն Անդրեասյանը Նորին Սրբությանը ներկայացրեց ծրագրի նպատակները և կատարված աշխատանքները` հայցելով Հայոց Հայրապետի օրհնությունը:
Ողջունելով ներկաների այցը համայն հայության հոգևոր կենտրոն` Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքն ու օրհնությունը փոխանցեց ներկա ուսուցիչներին` հորդորելով առավել նախանձախնդրությամբ, ջանասիրությամբ և հավատով շարունակելու իրենց նվիրյալ և պատասխանատու ծառայությունը, հայաշունչ ոգով և մեր հայրերի հավատքով կրթելով հայ մանուկներին ու պատանիներին: Վեհափառ Հայրապետն ուրախությամբ արձանագրեց, որ ուսուցիչների մեջ շատ են հատկապես երիտասարդները, որոնց ներկայությունը հույս է ներշնչում վաղվա օրվա հանդեպ` անդրադառնալով Սփյուռքի հայկական գաղթօջախներում առկա մարտահրավերներին: Նորին Սրբությունը մասնավորաբար հորդորեց նախանձախնդիր լինել Մայրենի լեզվի պահպանման և տարածման գործում:
«Հայոց լեզվի իմացությունն այն բանալին է, որը բացում է դռները մեր հարուստ հոգեմտավոր ժառանգության և առավելաբար զինում ամենքիս` դիմագրավելու համար բոլոր փորձություններն ու խոչընդոտները»,- նշեց Հայոց Հայրապետը:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց ներկաների հարցերին:
Հանդիպմանը ներկա էին Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Վարդան վարդապետ Նավասարդյանը: