Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց սիրիահայ ուխտավորներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց  սիրիահայ ուխտավորներին  08.10.2012
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց սիրիահայ ուխտավորներին

 

Հոկտեմբերի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սիրիայի Արաբական Հանրապետության Հայ Բարեգործական Ընդհանուր Միության անդամներին և Հալեպի Կիլիկյան վարժարանի հոգաբարձուներին` ուղեկցությամբ Դամասկոսի հայոց թեմի քաղաքական ժողովի ատենապետ, ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ, Միջին Արևելքի և Հայաստանի ծրագրերի պատասխանատու Վազգեն Յակուբյանի:

Հանդիպման ընթացքում պրն. Յակուբյանն անդրադարձավ Սիրիայում տիրող կացությանը և ներկայացրեց սիրիահայերին օժանդակելու նպատակով ստեղծված հատուկ հանձնախմբի աշխատանքները:

Ողջունելով և հայրապետական իր օրհնությունը բերելով սիրիահայ ուխտավորներին` Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունն արտահայտեց Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների, ի մասնավորի` սիրիահայ համայնքի ծանր կացության առիթով: Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավով արձանագրեց, որ պատմության ընթացքում Սիրիայում հայ ժողովրդի զավակների ջանքերով կերտված մշակույթն ու ժառանգությունը, հոգևոր-ազգային արժեքներն այսօր վտանգված են:

Այս առիթով Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը բերեց ՀԲԸՄ-ի ներկայացուցիչներին և բոլոր այն ազգային հաստատությունների անդամներին, ովքեր այս դժվարին իրավիճակում հաստատուն կերպով կանգնած են Սիրիայի հայ համայնքի կողքին և ջանք չեն խնայում հայ ժողովրդի զավակների հոգսը թեթևացնելու և օգնության ձեռք մեկնելու համար:

Հանդիպման ավարտին Վեհափառ Հայրապետը մաղթեց, որ Տերը խաղաղություն հաստատի Սիրիայիում, որպեսզի Սիրիայի ժողովուրդը, որի անբաժանելի մասն է կազմում հայ համայնքը, կարողանա վերադառնալ իր բնականոն լիարժեք կյանքին: