Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց սիրիահայ մանուկների երգչախմբին
Հոկտեմբերի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց սիրիահայ մանուկների երգչախմբին` ուղեկցությամբ «Օգնի՛ր եղբորդ» բարեգործական ծրագրի պատասխանատու Խաչիկ Ջոզիկյանի:
Հանդիպմանը տիար Ջոզիկյանը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց բարեգործական կազմակերպության ջանքերով իրականացվող հերթական ծրագիրը` սիրիահայ մանուկներից կազմված երգչախումբը, որից հետո փոքրիկները Նորին Սրբության համար կատարեցին Կոմիտասի «Մանկական աղոթքը»:
Այնուհետև, երգչախմբին իր օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Հայրապետը` նաև գնահատանք հայտնելով սիրիահայ մանկանց կրթության ազնիվ գործին իրենց մասնակցությունը բերած մարդկանց:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Սիրիայի հայ համայնքի և Հայաստանում ապաստան գտած սիրիահայերի վիճակին: Վեհափառ Հայրապետն ավելի մոտիկից ծանոթացավ Հայաստանում բնակություն հաստատած սիրիահայերի կյանքի պայմաններին ու խնդիրներին` վստահեցնելով, որ Մայր Աթոռ Ս. Էջմիածինն իր աշխարհասփյուռ թեմերով պիտի շարունակի զորակցել սիրիահայերին և դժվարին այս կացության մեջ իր օգտակարությունը բերի նրանց:
Հանդիպման վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրական խրատներով ոգևորեց մանուկներին` պատգամելով իրենց ազգի արժանավոր զավակները լինել և պայքարել, որպեսզի ողբերգությունները տեղ չգտնեն մարդկության կյանքում և միայն ուրախությունն ու բերկրանքը լինեն իրենց կյանքի ուղեկիցը: