Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ռուս մտավորականների ներկայացուցչական պատվիրակությանը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց  ռուս մտավորականների ներկայացուցչական պատվիրակությանը 04.12.2015
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ռուս մտավորականների ներկայացուցչական պատվիրակությանը

     Դեկտեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ժամանած ռուս մտավորականների ներկայացուցչական պատվիրակությանը` ուղեկցությամբ գրող, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զորի Բալայանի:
     Հանդիպմանն անդրադառնալով հայ և ռուս ժողովուրդների միջև ձևավորված պատմական սերտ կապերին` Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ դրանք դարավոր խորք ունեն և մշտապես հատկանշված են եղել ջերմությամբ և եղբայրական սիրով: Գարեգին Բ Հայրապետը փաստեց, որ «Խուդոժեստվեննայա լիտերատուրա» հրատարակչության կողմից Զորի Բալայանի ստեղծագործությունների ութ հատորյակի լույս ընծայմամբ Ռուսաստանի ժողովուրդը նորովի հաղորդ ու մասնակից կդառնա հայ ժողովրդի մաքառումներին և նվիրական իղձերին:
     Ամենայն Հայոց Կաթողիկոսը հույս հայտնեց, որ երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունները, նաև շնորհիվ նման այցերի և գործակցության, անխաթար կերպով կշարունակվեն զորանալ և ամրանալ` նրանց առաջնորդելով դեպի նոր ձեռքբերումներ, դեպի դարեր ու հազարամյակներ:
     Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց տիար Զորի Բալայանին` հայ ժողովրդին, Հայրենիքին և Եկեղեցուն բերած նրա նվիրյալ ծառայության համար:
     Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: