Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ուսանողական խորհուրդների նախագահներին «Ես հավատում եմ սիրո հաղթանակին» Գարեգին Բ Կաթողիկոս
Ապրիլի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետության պետական եւ ոչ պետական բուհերի ուսանողական խորհուրդների թվով շուրջ վաթսուն նախագահներին:
Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի նախագահ Ա. Նիկողոսյանը հանուն համալսարանական երիտասարդության զորակցություն հայտնեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն եւ Ամենայն Հայոց Հայրապետին` ներկայացնելով իրենց ուղերձը.
«Այս մեծ երկնքի տակ ապրում են բազմաթիվ ազգեր, այդ թվում եւ մենք` հայերս: Դարեր շարունակ մենք պատերազմել ենք, տարել հաղթանակներ, նաեւ պարտություններ: Սակայն մինչ օրս մենք չենք կրել մի այնպիսի պարտություն, որը վերաբերել է մեր հավատքին ու Եկեղեցուն: Գաղտնիք չէ, որ Աստված մեր ժողովրդին մշտապես շնորհել է բազում շնորհալի զավակներ, որոնք իրենց կյանքն անգամ չեն խնայել Հայրենիքի պաշտպանման, հզորացման ու զարգացման գործում` սկսած Գրիգոր Լուսավորչից մինչեւ Պարույր Սեւակ: Այդ դարերի միջով անցել, պահպանվել, կայացել ու մինչեւ մեր օրերն է հասել Հայաստանի նորանկախ Հանրապետությունը: Մենք` երիտասարդներս, պարտավորվում ենք շարունակել ու զարգացնել այն մեծ ձեռքբերումները, որոնք մեզ են ժառանգել մեր մեծ այրերը:
Վերջին ժամանակաշրջանում հաճախ են հանդիպում Հայ Առաքելական Եկեղեցու հասցեին ուղղված մեղադրանքներ ու վարկաբեկող հայտարարություններ: Դրանք անշուշտ մտահոգում են մեր երիտասարդությանը, եւ մենք մեր անունից ներողամտություն ենք հայցում այդ ամենի համար: Մենք անկեղծորեն հավատում ենք մեր անկախ պետության զարգացմանն ու Եկեղեցուն եւ մեր պատրաստակամությունն ենք հայտնում զորավիգ լինել մեր հավատքի ու երկրի ամրապնդման գործընթացին:
Խնդրում ենք նաեւ Ձեր օրհնությունը` միաբանելու ոչ միայն հայ ու Արցախ աշխարհի, այլ նաեւ ողջ Սփյուռքի երիտասարդությանը «մեկ ազգ, մեկ հայրենիք, մեկ հավատք» գաղափարի շուրջ»:
Ապա երիտասարդներին իր օրհնության խոսքն ու պատգամն ուղղեց Ամենայն Հայոց Հայրապետը` գնահատանք հայտնելով ուսանողներին իրենց զորակցության ու նախանձախնդրության համար: «Եկեղեցին զորավոր է իր հավատավոր զավակներով: Այդ հավատքն է, որ պահել է մեր Եկեղեցին ծաղկուն եւ զորեղ: Մեր ժողովրդի հավատքի զորությունն է, որ առաջնորդել է մեզ հաղթանակների»,- ասաց Նորին Սրբությունը` հորդորելով երիտասարդներին զորեղ պահել սերը եւ միաբանությունը, համախմբվել ազգային շահերի շուրջ: Ամենայն Հայոց Կաթողիկոսն ամենքի սրբազան պարտականությունը նկատեց պահել ազգային միաբանությունը, պահպանել սերը, համերաշխությունը եւ հանդուրժողականության ոգին, որպեսզի կորուստներ չլինեն ազգային կյանքում:
Ի պատասխան ուսանողների անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական կյանքի վերջին իրադարձություններին եւ այդ առնչությամբ Եկեղեցու եւ Հայոց Հովվապետի հասցեին հնչող մեղադրանքներին` Նորին Սրբությունը ասաց, որ թե նախընտրական եւ թե հետընտրական շրջանում Եկեղեցին չթերացավ իր պարտականությունների մեջ, սակայն կատարված քայլերն անբավարար նկատվեցին: «Եկեղեցին վերկուսակցական կառույց է, եւ բոլորը մեր Եկեղեցու զավակներն են: Մենք առաջնորդ ենք, հովիվ ենք, ծնող ենք մեր ժողովրդի բոլոր զավակների եւ հանդարտությամբ ու խաղաղությամբ պիտի քայլեր ձեռնարկենք մեր ազգի` սիրո վրա հաստատված միաբանության վերականգնման համար», - նշեց Նորին Սրբությունը: