Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց միջազգային գիտաժողովի մասնակիցներին
Դեկտեմբերի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Երեւանում մեկնարկված «Ցեղասպանության հանցագործությունը, կանխարգելում, դատապարտում եւ հետեւանքների վերացում» խորագրով միջազգային գիտաժողովի մասնակիցներին` ցեղասպանագիտության բնագավառում ճանաչված շուրջ 20 գիտնականների` ուղեկցությամբ ՀՀ ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանի:
որին Սրբությունը ողջունելով գիտնականների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` կարեւորեց ու խրախուսեց նրանց առաքելությունը ցեղասպանության ճանաչման գործում: Վեհափառ Հայրապետը մասնավորապես նշեց. «Մեր գնահատանքն ու օրհնությունն ենք բերում ամենքիդ ցեղասպանության դատապարտման եւ հետեւանքների վերացման ոլորտից ներս ձեր կատարած աշխատանքի համար: ...Այսօր ցավի եւ վրեժխնդրության զգացումով եւ ոգով չէ, որ առաջնորդվում է մեր ժողովուրդը` պահանջելով ցեղասպանության ճանաչումը: Մեր ցանկությունն է, որպեսզի ճանաչումը նպաստի նմանատիպ ողբերգությունների կանխարգելմանը: Մարդկությունը պետք է ավելի խիստ օրենքներ որդեգրի նման ոճիրների կանխարգելման համար: Մենք եւս` որպես եկեղեցի եւ եկեղեցականներ, մեր կողմից իրականացվող կարեւոր առաքելություն ենք տեսնում` կրթելու մարդկանց հոգին, որպեսզի յուրաքանչյուր ոք ընկալի, որ նման հանցագործություններն առաջին հերթին ուղղված են Աստծո արարչագործության դեմ: Մենք հավատում ենք, որ պիտի տեսնենք այն ժամանակները, երբ մարդկությունը պիտի զերծ մնա նման ողբերգություններից եւ ցավերից եւ այս իմաստով վերստին մեր գնահատանքն ենք բերում ձեր ջանքերի եւ աշխատանքի համար: Մեր աղոթքն ու հայցն ենք երկինք բարձրացնում, որ Տերն արդյունավորի, հաջողությամբ պսակի եւ բարի արդյունքների առաջնորդի ձեր աշխատանքը»:
Հանդիպումն ավարտվեց աղոթքով, որից հետո գիտաժողովի մասնակիցները այցելեցին Մայր Աթոռի թանգարաններ եւ ծանոթացան հայ ժողովրդի հոգեւոր արժեքներին: