Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց հանրակրթական դպրոցների տնօրենների
«Հայոց Եկեղեցին ազգային արժեքների մեր գանձարանն է»
Մարտի 3-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ տարբեր մարզերից ժամանած հանրակրթական երեսուներկու դպրոցների տնօրենների` ուղեկցությամբ Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան աբեղա Նավասարդյանի:
Հայր Վարդանը Նորին Սրբությանը ներկայացրեց տնօրեններին, ովքեր Մայր Աթոռ են եկել Ս. Վարդանանց տոնին` հաղորդակցվելու օրվա սրբազան խորհրդին եւ ստանալու Վեհափառի օրհնությունը: Օգտվելով առիթից, որ Վարդանանց տոնը նաեւ Նորին Սրբության անվանակոչության օրն է, Հայր Վարդանը ամենքի անունից շնորհավորեց Ամենայն Հայոց Հայրապետին:
Այնուհետեւ ներկաներին իր օրհնությունն ու պատգամը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` գոհունակություն հայտնելով, որ ազգային դպրոցի տնօրենները Ս. Էջմիածին են այցելել ազգային-եկեղեցական կյանքում հիշարժան այս օրը: Նորին Սրբությունը ցավով նկատեց, որ Հայոց ցեղասպանության պատճառով եւ խորհրդային անաստվածության տարիներին, երբ կազմալուծվեց ազգային եւ եկեղեցական հայոց կյանքը, ազգային շատ տոներ, ավանդույթներ ու սրբազան նվիրական խորհուրդներ դուրս են մղվել մեր կյանքից, որոնցով դարեր շարունակ կերտվել է նկարագիրը ու գիտակցությունը հայ ժողովրդի: Անդրադառնալով Ս. Վարդանանց նվիրական խորհրդին` Վեհափառ Հայրապետն ասաց. «Վարդանանց հերոսական պատերազմի ոգին հերոսացումի ոգի է, այդ ոգին մեր ազգի համար իր մեջ կրում է հավերժության խորհուրդը, այդ ոգին անմահության ոգին է: Վարդանանց տոնը պանծացումն է հայրենասիրության եւ աստվածսիրության»:
Նորին Սրբությունը նաեւ իր գնահատանքը հայտնեց տնօրեններին` դպրոցներում «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցման հանդեպ ցուցաբերվող նախանձախնդիր վերաբերմունքի համար` կարեւորելով, որ մեր ժամանակներում մանուկների ու պատանիների մեջ առավել զորանա ազգային արժեքներով ապրելու եւ առաջնորդվելու ոգին ու գիտակցությունը: «Հայոց Եկեղեցին ազգային արժեքների մեր գանձարանն է: Մեր Եկեղեցու պատմությունը անքակտելի մասն է մեր ժողովրդի պատմության: ... Պետականության կորստյան ծանր ու դժվարին պայմաններում Հայոց եկեղեցին ստանձնել է ազգի առաջնորդությունը եւ Աստծո օրհնության ներքո համահավաք պահել մեր ժողովրդին իր հայրենիքում, Ս. Հոգու առաջնորդությամբ կազմակերպել մեր ժողովրդի կյանքը: Եկեղեցին միշտ կարողացել է աննկուն պահել մեր զավակների ոգին եւ ոգեշնչել նրանց դեպի ազատ ու անկախ կյանք, պետականության վերականգնում: Այդ իմաստով` մեր Եկեղեցին անդադրում պայքարել է, որ մեր ազգն օր առաջ կարողանա վերականգնել իր պետականությունը եւ նրա ներքո ապահով դարձնել մեր ժողովրդի կյանքը, երաշխավորված` նրա լուսավոր ապագան», - նշեց Վեհափառ Հայրապետը:
Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը պատասխանեց տնօրենների տարբեր հարցերի: Հասարակական կյանքում առկա ցավալի եւ մերժելի երեւույթների հաղթահարման գործում կարեւոր նկատելով մանկավարժների առաքելությունը` Վեհափառ Հայրապետը հորդորեց նրանց կրթել ու դաստիարակել հայորդիներին Վարդանանց նույն նվիրական արժեքներով, սրբազան գաղափարներով, «վասն հայրենեաց եւ վասն հաւատոյ» խորհրդով:
Հանդիպումից հետո տնօրենները Մայր Տաճարում մասնակցեցին Ս. Պատարագի արարողությանը, հավարտ որի ներկա գտնվեցին տոնին նվիրված գեղարվեստական ցերեկույթին, այցելեցին Մայր Աթոռի թանգարաններ: