Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց կալդինալ Սիլվեստրինիի աջակից համայնքի անդամներին
Սեպտեմբերի 3-ին` հավարտ Սուրբ Պատարագի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց հոգեւոր առաքելության մեջ կարդինալ Աքիլլե Սիլվեստրինիին աջակից եկեղեցասեր համայնքի անդամներին` գլխավորությամբ Անդրկովկասում պապական նվիրակ Կլաուդիո արք. Գուջերոտտիի եւ տիար Պիեռսիլվերիո Պոցցիի: Կազմակերպությունն իր հիմնադրման 60-ամյակի առիթով ուխտագնացություններ է կազմակերպել Պաղեստին, ապա Հայաստան` իբրեւ քրիստոնեությունը պետական կրոն հռչակած առաջին քրիստոնյա երկիր:
Վեհարանի հարկի ներքո ողջունելով Կաթոլիկ Եկեղեցու ուխտավորներին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ Հայաստանյայց Առաքելական եւ Հռոմեա-կաթոլիկ եկեղեցիների արդյունավետ համագործակցությանը` կարեւորելով նաեւ նման փոխայցելությունների կազմակերպումը:
Նորին Սրբությանը շնորհակալական խոսքով դիմեց Կլաուդիո արք. Գուջերոտտին` վերհիշելով Ամենայն Հայոց Հայրապետի հրավերով 2001 թ. Հովհաննես Պողոս Բ պապի Հայաստան կատարած եղբայրական այցի օրերը եւ ուխտավորներին ներկայացնելով այն սերտ կապերը, որ առկա են երկու Եկեղեցիների միջեւ:
Ապա համայնքի անդամների անունից խոսք ասաց տիար Պիեռսիլվերիո Պոցցին` երախտագիտություն հայտնելով ընդունելության համար եւ ներկայացնելով կազմակերպության գործունեությունը, ապագայի ծրագրերը: Մասնավոր անդրադարձ կատարվեց իրականացվող աշխատանքներում երիտասարդների ներգրավվածությունը: