Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց կաթոլիկ ուխտավորների
Սեպտեմբերի 3-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստան ուխտի եկած կաթոլիկ եկեղեցականների` գլխավորությամբ Պադովայի ճեմարանի տեսուչ մոնսենյոր Սանդրո Պանիցոլոյի եւ առաջնորդությամբ Անդրկովկասում պապական նվիրակ Կլաուդիո արք. Գուջերոտտիի:
Ողջունելով ուխտավորների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ հաստատեց երկու եկեղեցիների միջեւ առկա ջերմ բարեկամական հարարբերությունների մասին, որոնց հիմերը դրվեցին երջանկահիշատակ Վազգեն Ա եւ Գարեգին Ա հայրապետների օրոք: «Այսպիսի այցերը, որ կազմակերպվում են դեպի Հայաստան, լավագույն վկայությունն են եղբայրական սիրո վրա խարսխված այդ հարաբերությունների զարգացման եւ մերձեցման»,- ասաց Հայոց Հայրապետը: Նորին Սրբությունը նաեւ տեղեկացրեց, որ Հայ Եկեղեցու բազում երիտասարդ եկեղեցականներ իրենց բարձրագույն կրթությունն են շարունակում Կաթոլիկ Եկեղեցու ուսումնական հաստատություններում:
«Մեզ համար մեծ պատիվ է լինել Հայաստանում եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, որպեսզի ճանաչենք արմատներն այն ազգի, այն պետության, որ առաջինն աշխարհում ընդունեց քրիստոնեությունը: ...Գրքերով ծանոթացել ենք հայ ժողովրդի պատմությանը եւ այժմ ականատեսն ենք ներկայիս պատմության արձանագրմանը»,- իր խոսքում նշեց Պադովայի ճեմարանի տեսուչ մոնսենյոր Սանդրո Պանիցոլոն` շնորհակալություն հայտնելով ընդունելության համար:
Հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետը պատասխանեց միջեկեղեցական, ինչպես նաեւ Եկեղեցի-պետություն հարաբերություններին վերաբերող հարցերի:
Հանդիպումից հետո ուխտավորները Մայր Տաճարում մասնակցեցին Սուրբ Պատարագի արարողությանը: