Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց կաթոլիկ ուխտավորների

Հուլիսի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ուխտավորաբար Հայաստանում գտնվող Պավիա քաղաքի (Իտալիա) արքեպիսկոպոսարանի ճեմարանի սաներին` Պավիայի արքեպիսկոպոս Գերապատիվ Ջովաննի Ջուդիչի գլխավորությամբ:

Վեհափառ Հայրապետը, ողջունելով կաթոլիկ երիտասարդների այցը հայոց հոգեւոր կենտրոն, անդրադարձավ Ամենայն Հայոց Կաթողիկոսության եւ Վատիկանի միջեւ առկա ջերմ հարաբերություններին, նկատելով որ, իբրեւ վաղվա հոգեւորականներ, այսօրվա ճեմարանականները ապագայում իրենց դրական մասնակցությունը պիտի ունենան այդ հարաբերությունների առավել խորացմանը: Վեհափառ Հայրապետը մասնավորապես վերհիշեց 2001-ին Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Բ-ի այցելությանը Հայաստան, ապա եւ անցած տարվա իր այցը Հռոմ, որի ընթացքում, ի պատիվ երկու եկեղեցիների ջերմ հարաբերությունների, Հռոմի Ս. Վլաս եկեղեցին տրամադրվեց հայ համայնքին` ծիսակատարությւոնների համար:

Իր հերթին Ջովաննի Ջուդիչի արքեպիսկոպոսը նշեց, որ իրենց համար մեծ պատիվ է լինել Հայաստանում եւ հանդիպել Հայոց Հայրապետի հետ: Նրա խոսքով` ինչպես իր, այնպես էլ խմբի մյուս անդամների համար հուզիչ ու տպավորիչ է ծանոթությունը հայոց քրիստոնեական մշակույթի ու ավանդության հետ:

Հանդիպման վերջում Վեհափառ Հայրապետը, պատասխանելով ուխտավորների հարցերին, ներկայացրեց Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի հոգեւոր-կրթական հաստատությունների գործունեությունը: