Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց եվրասիական ազգային համալսարանի պատվիրակությանը
Ապրիլի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ղազախստանի Լ. Գումիլեւի անվան եվրասիական ազգային համալսարանի պատվիրակությանը` ուղեկցությամբ Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի եւ ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի:
Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունը ողջունեց երկու բարձրագույն կրթական հաստատությունների միջեւ նոր ձեւավորվող համագործակցությունը` բարի արդյունավորում մաղթելով ձեռնարկված համատեղ աշխատանքներին: Վեհափառ Հայրապետը կարեւոր նկատեց գիտության մշակների առաքելությունը ոչ միայն գիտության զարգացման, այլեւ արժանավոր քաղաքացիներ, ազգի նվիրյալ զավակներ կերտելու գործում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց միջկրոնական հարաբերություններին եւ Հայ Առաքելական Եկեղեցու ներգրավվածությանը միջկրոնական երկխոսության մեջ: Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ վերհիշեց իր այցելությունը Ղազախստան Կրոնական առաջնորդների համաժողովի առիթով` գնահատանքով նշելով այն կարեւոր ներդրումը, որ Ղազախստանի Հանրապետության նախագահն ունի կրոնների եւ ժողովուրդների միջեւ համերաշխության, խաղաղ եւ անվրդով համագործակցության հաստատման գործում: