Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց աշխարհահռչակ կոմպոզիտորին

Ապրիլի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց աշխարհահռչակ կոմպոզիտոր եւ դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկուն:

Ողջունելով կոմպոզիտորի այցը Մայր Աթոռ` Նորին Սրբությունն իր խոսքում նշեց. «Ձեր գործերին ծանոթ ենք եւ այսօր ուրախ ենք անձնապես ճանաչելու եւ բերելու Ձեզ մեր գնահատանքը այն ծառայության համար, որ մատուցում եք ողջ մարդկությանը»:

Իր հերթին Քշիշտոֆ Պենդերեցկին Նորին Սրբությանը ներկայացրեց իր ընտանիքի պատմությունը` անդրադառնալով հայկական արմատներին եւ մանկության հուշերին:

Հանդիպման ընթացքում խոսվեց նաեւ Պենդերեցկու ստեղծագործությունների մեջ հայոց հոգեւոր երաժշտությանը ոճային նմանությունների ու երանգների մասին: Պրն. Պենդերեցկին նաեւ ցանկություն հայտնեց հայկական հոգեւոր երաժշտություն գրել:

Վերջում մեծանուն կոմպոզիտորին Վեհափառ Հայրապետը ցանկացավ հաջողություններ ստեղծագործական կյանքում` մաղթելով, որ Սուրբ Էջմիածնի օրհնությունը միշտ ուղեկից լինի նրան: