Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՙՎորլդ Վիժն՚-ի ղեկավարության անդամներին
Մարտի 28-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՙՎորլդ Վիժն՚ կազմակերպության Միջին Արևելքի և Արևմտյան Եվրոպայի տարածաշրջանային ղեկավար Կոննի Լեննեբերգին և Տարածաշրջանային գործառնությունների ղեկավար Դերք Բուին:
Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը բերեց քրիստոնեական կազմակերպությանը եկեղեցիներին ցուցաբերվող զորակցության և օգտաշատ ծառայությունների համար: Վեհափառ Հայրապետն անդրադարձավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՙՎորլդ Վիժն՚–ի միջև մեկ տասնամյակից ավելի պատմություն ունեցող համագործակցությանը և արձանագրված հաջողություններին: Նորին Սրբությունը մասնավոր գոհունակություն հայտնեց, որ Հայ Եկեղեցու տարբեր կառույցների և ՙՎորլդ Վիժն՚-ի համատեղ աշխատանքները հատկապես ուղղված են մանուկների քրիստոնեական դաստիարակությանը:
ՙՎորլդ Վիժն՚-ի ներկայացուցիչները, շնորհակալություն հայտնելով Վեհափառ Հայրապետին ընդունելության համար, ընդգծեցին, որ Հայոց Եկեղեցին կարևոր գործընկեր է կազմակերպության առաքելության իրականացման գործում: ՙՎորլդ Վիժն՚-ի պատասխանատուները ներկայացրեցին Հայաստան այցի իրենց դրական տպավորությունները, անդրադարձան երիտասարդների համար իրականացվող աշխատանքների կարևորությանը:
Զրույցի ընթացքում խոսվեց նաև երիտասարդության առջև ծառացած մարտահրավերների և մանուկների կրթության ու դաստիարակության խնդիրների մասին: