Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՙՀազարամյակի մարտահրավերներ՚ հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրենին
Մայիսի 4-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՙՀազարամյակի մարտահրավերներ՚ հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Դանիել Յոհաննեսին` ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչի ուղեկցությամբ:
Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ այն կարեւոր ներդրմանը, որ հիմնադրամը կատարում է Հայաստանի տնտեսության զարգացման գործում: Ի դեմս ՀՄԿ գործադիր տնօրենի Վեհափառ Հայրապետը գնահատանք հայտնեց Միացյալ Նահանգների ժողովրդին եւ բարի արդյունավորում մաղթեց հիմնադրամի աշխատանքներին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաեւ վստահություն հայտնեց, որ Հայաստանը կհաղթահարի իր առջեւ ծառացած դժվարություններն ու խնդիրները` դրանում մեծապես կարեւորելով հոգեւոր արժեքների վերականգնումը:
Պրն. Դանիել Յոհաննեսն իր հերթին շնորհակալություն հայտնեց ընդունելության համար եւ Վեհափառ Հայրապետին ներկայացրեց ՀՄՀ-Հայաստան ծրագրի իրականացման ընթացքի դիտարկման արդյունքները:
Զրույցի ընթացքում, ի պատասխան հյուրի հարցումների, Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկայացրեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի առաքելությունը, անդրադարձավ Հայոց Եկեղեցու առջեւ ծառացած մարտահրավերներին եւ դրանց հաղթահարման ուղիներին: