Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ֆրանսիայի Տնտեսական զարգացման նախարար Պատրիկ Դեւեջյանին
Մայիսի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության Տնտեսական զարգացման նախարար Պատրիկ Դեւեջյանին: Բարի գալուստ մաղթելով նախարարին` Նորին Սրբությունը նշեց. «Մեզ համար մեծապես ուրախալի է տեսնել մեր ժողովրդի հաջողյալ զավակաց: Հպարտ ենք, որ մեր ազգի այն հատվածը, որ գաղթից հետո ապաստան գտավ Ֆրանսիայի հյուրընկալ հողում, կարողացավ հաղթահարել իր կորստի ցավն ու վերադառնալ խաղաղ ստեղծագործ աշխատանքի` իր նպաստը բերելով երկրի շինությանն ու բարգավաճմանը: Ֆրանսիայում եւ համայն աշխարհում բազում են մեր այն հայորդիները, ովքեր բարձր են պահում հայ լինելը իրենց բարի կենցաղով ու օրինապահ ընթացքով, կյանքի տարբեր ոլորտներում իրենց հաջողություններով ու ունեցած ներդրումով: Նրանցից եք նաեւ Դուք, որ Ձեր անուրանալի վաստակն ունեք մեր երկու երկրների ու ժողովուրդների միջեւ բարի ու եղբայրական ջերմ հարաբերությունների ամրապնդման ու զարգացման մեջ: Մեր հայրական օրհնությունն ու մաղթանքներն ենք բերում Ձեզ»,-նշեց Վեհափառ Հայրապետը:
Նախարար Դեւեջյանը, իր երախտագիտությունը հայտնելով Նորին Սրբությանը` նշեց, որ իր համար յուրաքանչյուր այցն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին յուրօրինակ վերադարձ է սեփական արմատներին, սեփական ակունքներին, ինչը յուրաքանչյուր մարդու համար շատ կարեւոր հանգամանք է ներկայիս կյանքի հարափոփոխ ընթացքի մեջ: